Երգչուհի Քրիստինե Պեպելյանը տևական դադարից հետո Վալենտինի օրվա առթիվ մենահամերգ ունեցավ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Քրիստինեի գործունեության հիմքում սերն է` ռոմանտիկ երգերը, այնպես որ, օրվա ընտրությունը պատահական չէր։ Երգչուհին ներկայացրեց իր լիրիկական ու ռոմանտիկ երգերը, հուզեց հանդիսատեսին ու ստիպեց երգել իր հետ։
Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը։ Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ նախապատրաստվել էր ռոմանտիկ երեկոյի, բայց հանդիսատեսի տրամադրությունը ստիպել է վերանայել ծրագիրը։
«Հետաքրքրիր ստացվեց։ Ես պլանավորել էի, որ ամեն ինչ պետք է լինի շատ լիրիկական, ռոմանտիկ, սակայն իրավիճակը փոխվեց ու պարզվեց, որ մարդիկ պատրաստ են նաև պարելու։ Ես չէի մտածել, որ իրենք կհամաձայնեն պարել Վալենտինի օրը, բայց արի ու տես, որ ամեն ինչ եղավ հակառակը։ Ստիպված եղա կրկնել մի քանի ռիթմիկ գործեր։ Շատ էմոցիոնալ օր ունեցա։ Շնորհակալ եմ, որ հանդիսատեսը վերադարձրեց ինձ այդ էմոցիաները, որովհետև ես իմ բոլոր էմոցիաները դատարկվելու աստիճան տվեցի իրենց։ Դահլիճում ներկա էին նաև իմ գործընկերները՝ Ավետ Բարսեղյանը կնոջ հետ, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Արամեն և Աննան։ Հաճելի էր իրենց տեսնել իմ կողքին»,– ասաց երգչուհին։
Դադարից հետո մենահամերգն առավել զգացմունքային էր և՛ երգչուհու, և՛ նրա երկրպագուների համար։ «Երեկոն, իսկապես, տպավորիչ էր ինձ համար։ Սա մեր պատմությունն է։ Հանդիսատեսի հետ ամեն հանդիպումը գնահատել է պետք, որովհետև ամեն ինչ ժամանակի հարց է` օրն անցնում է, ամեն ինչ` օրվա հետ։ Քանի դեռ քեզ սիրում են, կողքիդ են ու ուրախանում են քո ներկայությամբ, պետք է շատ բարձր գնահատես պահը։ Երբ դադարներից հետո մեծ ծրագրով դուրս ես գալիս բեմ, վայրկյաններ անց թվում է՝ չի եղել այդ դադարը։ Տպավորություն է, որ վերջին հանդիպումը մի քանի օր առաջ էր։ Դա շատ հաճելի փաստ է։ Համերգի ամենատպավորիչ պահերից մեկը նոր երգիս պրեմիերան էր։ Արամ Ավագյանի երաժշտությամբ, Ավետ Բարսեղյանի խոսքերով «Սիրել, թե ատել» գործը շատ գեղեցիկ է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ «Մայրիկը» երգեց դահլիճը»,– ոգևորությամբ նշեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am