Շիրակի մարզում ծնողների շրջանում խուճապը շարունակվում է պահպանվել, բայց պատկան մարմիններն ասում են, որ ամեն ինչ նորմալ է և արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել։
Վերջին օրերին քուրդ ապստամբների Հայաստան ներթափանցելու մասին տեղեկատվությունը Շիրակի մարզում ծնողների շրջանում խառնաշփոթ է առաջացրել:
Այն տեղեկությունը, թե այս օրերին ոստիկաններն ուժեղացված հսկողություն են սահմանել սպասարկման օբյեկտներում` հյուրանոցներում, բուժհաստատություններում և դպրոցներում, խուճապային իրավիճակ է ստեղծել ծնողների շրջանում:
Որոշ ծնողներ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ ոստիկանությունից զգոնության կոչերով դիմել են, սակայն, այդ փաստը չհաստատեցին մի շարք դպրոցներում՝ տեղեկացնելով, որ դրանք զուտ պլանային այցեր են ոստիկանական տեսուչների կողմից. դպրոցներ այցերը պարբերաբար են, ու ոչ մի արտառոց բնույթ չեն կրում։
Այն, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կողմից ոչ մի հրահանգ չի եղել դպրոցներին փաստեց նաև Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: «Մենք ոչ մեկից հրահանգ չենք ստացել դպրոցներում հսկողություն սահմանելու, ոչ էլ մենք ենք ինչ- որ դպրոցի հրահանգել: Սովորական բնականոն հունով աշխատում ենք»,-նշեց պատասխանատուն:
Որոշ տեղեկությունների համաձայն` թուրք զինվորականների հետ բախումներ ունեցած քուրդ ապստամբները, հետապնդումից փախչելով, անցնում են հայ-թուրքական սահմանը: Ապստամբներն, ըստ տեղեկությունների, հատում են հենց հայ-թուրքական սահմանը, իսկ Շիրակն էլ, լինելով սահմանակից մարզ, այդ ապստամբներին առաջինն է «ընդունում»: