Ալկոհոլի թաթար արտադրողը 100 հազար դեկալիտր կոնյակի դիստիլյատ կպատվիրի Հայաստանից։
«Տատսպիրտպրոմ» թաթարական ընկերությունը Հայաստանից մեկ միլիոն լիտր կոնյակի դիստիլյատ կպատվիրի, հաղորդում է «Տատար–ինֆորմ» գործակալությունը։
Համապատասխան մրցույթը տեղադրված է պետգնումների կայքում։ Խոսքը գնում է 100 հազար դեկալիտր կոնյակի դիստիլյատ տեղափոխելու մասին։ Կատարողը պետք է ծառայություններ տրամադրի 2018թ-ի ընթացքում։ Պայմանագրի արժեքը 26 միլիոն ռուբլի է։
«Հայկական կոնյակը տարածված է, համենայն դեպս, ԱՊՀ երկրներում։ Հայաստանը պահպանել է կոնյակի արտադրության ավանդույթները։ Չնայած նրան, որ ֆրանսիացիները համարում են, որ կոնյակ կարելի է անվանել միայն իրենց արտադրանքը, վերջին 20 տարիների ընթացքում տերմինը կիրառվում է մեզ մոտ և մեզ համար այն պակաս հարազատ չէ, քան ֆրանսիացիների համար։ Լիովին նորմալ արտադրանք է»,- ասել է «ՑԻՖՌՌԱ» ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը։
Հայաստանի ազգային վիճակագրության տվյալներով` Հայաստանում կոնյակի արտադրությունը 2016թ-ի համեմատ 2017-ին աճել է 39,4 տոկոսով։ Անցած տարի արտադրվել է 30 միլիոն լիտր կոնյակ 2016թ-ի 21,5 միլիոն լիտրի փոխարեն։