Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին Հայաստանի գրողների միության անդամները գրական հանդիպումներ կունենան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ընթերցասերների հետ:
Փետրվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Գրողների միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ հանդիպումներ է պատրաստել մայրաքաղաքի թիվ 32 հիմնական դպրոցում: Փետրվարի 19-ին աշակերտների հետ հանդիպումներ կունենան անվանի գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ»,-ասաց միության նախագահը:
Ինքը՝ Միլիտոնյանը կայցելի նաև Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց: Նույն օրը ՀԳՄ-ի մասնակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի մանկական գրքի ցուցահանդես:
Այցեր կլինեն նաև մայրաքաղաքից դուրս: Գրողների միությունը գրական բաժանմունքներ ունի նաև Լոռիում և Շիրակում: «Լոռու մեր գրողները կհանդիպեն «Էվրիկա» դպրոցի, նաև թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Իսկ Շիրակում փետրվարի 15-ից սկսած Ն. Ռիժկովի անվան ճեմափողոցում ՀԳՄ Շիրակի բաժանմունքի երիտասարդ ստեղծագործողները գրքեր կնվիրեն անցորդներին: Փետրվարի 16-ին Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցում արդեն կայացել է հանդիպում Շիրակի գրողների հետ»,-ասաց Միլիտոնյանը:
Փետրվարի 19-ին կանցկացվի գրական հանդիպում Շիրակի մարզային գրադարանում գրադարանավարների, ընթերցողների, ինչպես նաև Գյումրու թիվ 6 դպրոցի 8-րդ դասարանցիների հետ: Մյուս մարզերում ևս կլինեն հանդիպումներ: