Խոտանը շատ էր․ Մխիթարյանը փնտրտուքի մեջ է, բայց հարմարվում է․․․
Advertisement 1000 x 90

Խոտանը շատ էր․ Մխիթարյանը փնտրտուքի մեջ է, բայց հարմարվում է․․․

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթելով շվեդական «Էսթերսունդին» Լոնդոնի «Արսենալը» վճռեց դիմակայության ելքը: Չնայած համոզիչ հաղթանակին Արսեն Վենգերի թիմը աչքի չընկավ դինամիկ և տպավորիչ խաղով: «Էսթերսունդն» Եվրոպական միջին մակարդակի թիմ է, որն ունի անհամեմատ ավելի համեստ ռեսուրսներ: Շատերը այն կարծիքին են, որ «Արսենալը» գործադերց ուժերի կեսը և ցանկության դեպքում կարող էր հաղթել ջախջախիչ հաշվով:

Հնարավոր է, որ «Արսենալը» խնայեց ուժերը, բայց այն որ այս թիմը խաղային օղակներում խնդիրներ ունի կարծում ենք անհերքելի է: Կրկին անգամ անմխիթար տեսք ուներ պաշտպանությունը, իսկ միակ նոմինալ հարձակող Ուելբեքն ուղղակի ձախողվեց: Չափից շատ էր խոտանը փոխանցումների ժամանակ: Հանուն ճշմարտության նշենք, որ հանդիպումը կայացավ արհեստական խոտածածկով խաղադաշտում և նկատելի էր, որ «Արսենալի» ֆուտբոլիստները որոշակի խնդիրներ ունեին:

«Բնական է, որ արհեստական խոտածածկով խաղալը այնքան էլ հեշտ չէ: Պետք է խոստովանեմ, որ պատկերացում չունեի թե ինչպես իմ խաղացողները կխաղան նման պայմաններում: Այո, ռիսկի գործոնը մեծ էր, բայց փառք Աստծո ամեն ինչ բարեհաջող անցավ: Մենք այս շաբաթ խաղ այլ հանդիպում չունեինք, ինչը հեշտացրել էր գործս: Հիմնական կազմը ընտրելուց խնդիրներ չունեցա: Չնայած վնասվածք ստանալու վտանգին մեր խաղացողները նվիրված գործեցին և ես գոհ եմ նրանց կատարած աշխատանքից: Եվրոպա լիգայի խաղարկությունն առանցքային նշանակություն ունի մեզ համար: Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանը, ապա նա ինտենսիվ կերպով աշխատեց և օգուտ բերեց մեր թիմին: Հայ ֆուտբոլիստը դանդաղ, բայց հարմարվում է թիմին: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամ նա այսօր հաջող հանդիպում անցկացրեց: Կարծում եմ որոշ ժամանակ անց Մխիթարյանը կգտնի իր տեղն «Արսենալում»»,- խաղից հետո ասել է Արսեն Վենգերը:

«Էսթերսունդի» հետ խաղում Մխիթարյանը կարծես փնտրտուքի մեջ լիներ: Նա շարունակ աջ եզրից տեղափոխվում էր ձախ եզր: Մխիթարյանի գործողություններում նկատվում էր սրություն և խաղն ակտիվացնելու ցանկություն: Կարծում ենք ակնհայտ է, որ ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» «Արսենալում» Մխիթարյանն ավելի անկաշկանդ է գործում ևս որոշ դրվագներում իր վրա է վերցնում խաղը: Նկատվում է նաև, որ մեր ֆուտբոլիստը հաճախակիորեն փնտրում էր Օզիլին, փորձելով հենց այս ֆուտբոլիստի հետ կազմաերպել գրոհները: Եթե Օզիլը շատ դեպքերում ուղղակի քայլում էր խաղադաշտում, ապա մեր ֆուտբոլիստը շարունակ պայքարի մեջ էր և փորձում էր օգտակար լինել նաև պաշտպանությունում: Կարծում ենք, եթե այս խաղին մասնակցեր Պյեր-Էմերկ Օբամեյանգը ապա թե «Արսենալի» և թե Մխիթարյանի խաղն ավելի արդյունավետ կլիներ: «Էսթերսունդի» հետ մրցավեճը Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար պետք է համարել քայլ առաջ:

«Պետք է ընդունենք, որ շվեդական թիմը խաղային պրակտիկայի հետ կապված խնդիր ուներ: «Էսթերսունդի» համար սա առաջին պաշտոնական խաղն էր վերջին շրջանում։ Պրեմիեր լիգայում վիճակն այլ է և առաջնությունն ուղղակի եռռում է: Հետևաբար այսօր մենք շատ ավելի լավ մարզավիճակում էինք և ավելի լավ տեսք ունեինք։ Պետք է ասեմ, որ «Էսթերսունդը» լավ թիմ է և ցուցադրում է կոմբինացիոն խաղ: Արդուհանդերձ երկու արագ գոլերը շատ օգնեցին մեզ է փոխեցին հանդիպման ընթացքը: Շատ է խոսվում «Արսենալի» Եվրոպա լիգայի խաղարկության գավաթի համար պայքարելու մասին: Այո, պայքարելու ենք, իսկ ինչո՞ւ ոչ։ Ցանկացած խաղում մենք պայքարում ենք միայն հաղթանակի համար: Մենք հաղթեցինք 3:0 հաշվով, բայց չեմ կարծում, որ այս դիմակայության ելքը վճռված է։ Պետք է չկորցնենք զգոնությունը և լրջորեն մոտենանք նաև պատասխան հանդիպմանը։ Յուրաքանչյուր հաղթանակ դրական լիցքեր է տալիս և վստահություն է հաղորդում։ Տանը ևս պայքարելու ենք հաղթանակի համար ևս կարծում եմ կուրախացնենք մեր երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը: «Whoscored» պարբերականի վարկածով «Էսթերսունդ»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնյան թիմի դարպասապահ Օսպինան: Վերջինս ստացել է 8․4 գնահատական: 8․1 բալ է ստացել Մեսութ Օզիլը: Մխիթարյանը, որը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ՝ ստացել է 7․6 բալ: «Արսենալի» մեկ այլ կիսապաշտպան Մեյթլենդ-Նիլսը ստացել է 8 բալ: Նշենք, որ «Արսենալի» երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ հանդիպումն «Արսենալն» անց է կացնելու փետրվարի 22-ին «Էմիրեյթս» մարզադաշտում՝ մրցելով «Էսթերսունդի» հետ:

Փետրվարի 25-ին էլ «Ուեմբլի» մարզադաշտում «Մանչեսթեր Սիթիի» հետ կվիճարկի Անգլիայի Լիգայի գավաթը: Այս հանդիպմանը սակայն Մխիթարյանը չի կարող մասնակցել: «Մանչեսթեր Սիթիի» հետ «Արսենալը» կմրցի նաև մարտի 1-ին «Էմիրեյթսում» Պրեմիեր լիգայի շրջանակներում:

1in.am