Հայագիր աշխարհագրական քարտեզներ
Advertisement 1000 x 90

Հայագիր աշխարհագրական քարտեզներ

Մատենադարանի  ձեռագրերը պարունակում են հայագիր ձեռագիր մի շարք քարտեզներ, որոնք մեզ են հասել դարերի խորքից: Աշխարհագրական աշխատությունների , դասագրքերի հետ  դրանք ծառայում էին որպես գիտելիքների ստացման աղբյուր: Պատմության մեջ կան դեպքեր, երբ քարտեզները չեն պահպանվել, իսկ տեքստերը պահպանվել են, օրինակ՝ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ը: Հայագիր հին քարտեզների վերականգնման գործում մեծ դեր ունի ակադեմիկոս Ս. Երեմյանը:

Մատենադարանի ձեռագրերում հայտնաբերվել են հետևյալ քարտեզները.

Հայագիր ձվածիր քարտեզ (15-րդ դար)- պատկերում է Ասիան, Եվրոպան, Աֆրիկան: Քարտեզում Եվրոպոն Ասիայից բաժանվում է Դնեպր գետով, Ասիան Աֆրիկայից Նեղոս գետով,  իսկ Եվրոպան Աֆրիկայից` Միջերկրական  ծովով: Աշխարհագրական օբյեկտները ցույց են տրված մակագրություններով: Աշխարհի կենտրոնում զետեղված է Երուսաղեմը: Ժողովածուն՝ որի մեջ զետեղված է այս քարտեզը, գլխավորապես վերաբերվում է թվաբանությանն ու դաստիարակությանը:

Հակոբ Ղրիմեցու «Երկու մարդքարտեզները» (15-րդ դար)- կիսապառկած մարդիք են, որոնց վրա մակագրված են կենդանակերպի համաստեղությունները և դրանց «համապատասխանող» աշխարհագրական օբյեկտները: Օրինակ Խեցգետին համաստեղությանը «համապատասխանում է»  Հայաստանը, Խոյին՝ Պարսկաստանը, Ցուլին՝ Բաբելոնը, Ձկանը՝ Կարմիր ծովը և այլն: Թե ինչու է քարտեզագրման համար մարդու մարմնամասերն ընդգրկվել, դեռևս պարզ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ ուսումնական նյութերում առկա նման պատկերազարդումները ուսուցողական նպատակ են հետապնդում: Չի բացառվում նաև, որ այդպիսի մարդ քարտեզները ծառայել են որպես զննական պարագա տոմագրության և աստղագիտության պարապմունքների  համար:

Երուսաղեմ քաղաքի քարտեզ (16-րդ դար)- միջնադարյան հայագիր ձեռագիր քարտեզների նման Երուսաղեմը ցույց է տրված աշխարհի կենտրոնում: Քարտեզի վրա ցույց է տրված քաղաքի գլխավոր հրապարակը և դրա շուրջը գտնվող 6 թաղամասերը:

Մարդքարտեզ – Երուսաղեմ քաղաքի քարտեզի հետ միասին տրված է մեկ ուրիշ մարդ քարտեզ, ուր մարմնի բոլոր մասերը նույնպես համապատասխանում են որևէ աշխարհամասի, երկրի կամ շրջանի (օրինակ գլուխը՝  Պարսկաստանն է, սիրտը՝ Ասիան, ստամոքսը՝ Կիլիկիան և այլն ), բայց բացակայում են կենդանակերպի նշանները, ինչպես նախորդ մարդ-քարտեզում: Ըստ երևույթին դա նույնպես արվել է ուսուցման նպատակով:  Սովորողներին ավելի հեշտ կլիներ հիշել աշխարհագրական օբյեկտների տեղադրությունը դրանք նույնացնելով մարմնի մասերի հետ:

Քարտեզ-կողմնացույցը (17-րդ դար)- այն զուրկ է աշխարհագրական օբյեկտներից և մակագրություններից, սակայն 12 մասի բաժանված շրջանագծի յութաքանչյուր մասում կան համառոտ գրառումներ, որոնք բովնդակում են հեղինակին հայտնի տվյալներ այս կամ այն աշխարհամասի եղանակների, գերիշխող քամիների, մթնոլարտային տեղումների վերաբերյալ:

Հարություն Ղուկասյանի «Տիեզերագիտություն գրքում զետեղված քարտեզ (19-րդ դար)- ձեռագրերում հայտնաբերված վերջին աշխարհագրական քարտեզը: Քարտեզի վրա պատկերված է ոչ թե կոնկրետ տարածք, այլ ջրի մեջ թափանցող ցամաքի հատվածամաս, որի վրա հեղինակը տարբեր գույներով պատկերել և մակագրել է ՝ օվկիանոս, ծով, ծովածոց, լիճ, գետ և այլն: Քարտեզում տրված է հասարակածը և սկզբնական  միջօրեականը, հյուսիսային և հարավային լայնությունները, արևելյան և արևմտյան երկայնությունները:

Նշենք նաև, որ ինքնաշեն հայատառ առաջին գլոբուսը պատրաստել է Խաչատուր Աբովյանը: Նրան ինքնաշեն գլոբուս պատրաստել սովորեցրել էր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Դորպատում: Այդ գլոբուսը ուսումնական նպատակով օգտագործել են Երևանի գավառական ուսումնարանում, ուր դասավանդում էր Խաչատուր Աբովյանը:

armgeo.am