Հայաստանի բարձրագույն առաջնության թիմերն ուսումնամարզական հավաքներով և նոր ձեռքբերումներով շարունակում են պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
168.am-ը ներկայացնում է Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները 2018 թվականի ընթացքում:
«Ալաշկերտ»
«Ալաշկերտը» ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանին, ում հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը:
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում Հովհաննիսյանը դարձել էր 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Կամոն հեղինակել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում:
«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ և ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ` եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- նշել է Հովհաննիսյանը:
«Ալաշկերտ» են տեղափոխվել նաև Եկատերինբուրգի «Ուրալի» և Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը, որոնք թիմում հանդես կգան վարձավճարով:
«Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ:
20-ամյա կիսապաշտպանն «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում:
««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս և առաջընթաց գրանցել»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Օդաիլսոնը:
Հայաստանի առաջնություն է վերադարձել Դավիթ Մանոյանը: «Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպանի հետ:
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում Մանոյանը 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Դավիթն անցկացրել է 26 հանդիպում:
«Գանձասար–Կապան»
Երիտասարդ կիսապաշտպան Մարտին Գրիգորյանը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել կապանյան թիմի հետ։
Գրիգորյանը տեղափոխվել է «Բանանցից», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
Մարտին Գրիգորյանը 17 տարեկան է և Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամ է։
Ակումբը 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել 20-ամյա Դավիթ Տերտերյանի հետ։
Տերտերյանը «Փյունիկի» դպրոցի սան է, գործում է եզրային պաշտպանի դիրքում։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 9 հանդիպումը։
Դավիթ Տերտերյանը նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է։
«Գանձասար-Կապանի» հաջորդ համալրումը Վարդան Պողոսյանն է։ 25-ամյա հարձակվողի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել։
Պողոսյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է, խաղացել է իսպանական «Մուրսիայում», ռուսական «Կուբանում», «Փյունիկում»։
Վերջին ակումբը, որտեղ հանդես է եկել Պողոսյանը, մակեդոնական «Ռաբոտնիչկին» էր, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։
Հավելենք, որ Վարդան Պողոսյանը երեք հանդիպում անցկացրել է նաև Հայաստանի ազգային հավաքականում։
«Շիրակ»
«Շիրակը» ևս շարունակում է նախապատրաստվել առաջնության գարնանային մրցաշրջանին։ Գյումրեցիների կազմ են վերադարձել կենտրոնական պաշտպան, սերբ Մարկո Պրլևիչը և հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը։
Հինգ տարվա պայմանագիր է ստորագրվել Ռաֆիկ Միսակյանի հետ, ով 12 տարեկանում տեղափոխվել էր «Բանանց» «Շիրակի» մանկապատանեկան թիմից։
«Շիրակը» երեք տարվա պայմանագիր է կնքել 21-ամյա ձախ պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ, ով մինչ գյումրեցիներին միանալը հանդես էր գալիս «Բանանցում»։
«Շիրակը» կես տարվա պայմանագիր է ստորագրել նաև Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը։
Մինչ «Շիրակ» տեղափոխվելը Մկոյանը հանդես էր գալիս Իրանը ներկայացնող «Էստեղլալ» թիմում։
Հիշեցնենք, որ Հրայ Մկոյանն իր պրոֆեսիոնալ կարիերիան սկսել է հենց «Շիրակում» (2004-2006)։ Այնուհետև Մկոյանը վերադարձել է «Շիրակ» 2012թ. հունիսին։ Մասնակցել է նաև Եվրոպա լիգայի հանդիպումներին, այնուհետև տեղափոխվել «Սպարտակ Նալչիկ»։ Մկոյանը գյումրեցիների կազմում հանդես է եկել նաև 2014թ. հունվարից-մայիս։
«Արարատ»
«Արարատին» 2018 թվականի ընթացքում միացել է Էնտոնի Տրայկոսկին:
19-ամյա ավստրալիացի (ծագումով մակեդոնացի) հարձակվողական ոճի կիսապաշտպանը թիմում փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր կնքեց թիմի հետ:
Սիրարփի Աղաբաբյան