Մեծ Բրիտանիայում 17 ամսեկան Բոբբի Բերդշելին սպառնում էր անխուսափելի մահ մենինգիտից՝ բժիշկները սխալմամբ այդ վտանգավոր հիվանդությունը շփոթել էին սովորական տոնզիլիտի հետ ու պատրաստվում էին նրան տուն ուղարկել։ Բայց բնազդը հուշել է նրա մորը՝ Ջեյնին, որ երեխայի մոտ շատ ավելի լուրջ վիճակ է, ու որ նրան շտապ բուժում է պետք։
Երեխան բարձր ջերմություն ու անքնություն ուներ, ինչի պատճառով անընդհատ լացում էր։ Նրա մայրը՝ Ջեյնը, որդուն տարել էր հիվանդանոց՝ ենթադրելով, որ երեխայի մոտ մենինգիտ է․ սակայն բժիշկները հայտնել էին , որ տղան տոնզիլիտից է տառապում։ Նրանք արդեն պատրաստվում էին երեխային ու նրա մորը տուն ուղարկել՝ տալով հակաբիոտիկների դեղատոմս, բայց կինը կտրականապես հրաժարվել է հեռանալ հիվանդանոցից քանի դեռ բժիշկները ամբողջական հետազոտություն չկատարեն՝ նա վստահ էր, որ որդու մոտ մենինգիտ է։ Բժիշկները ստիպված էին ենթարկվել ու մի քանի ժամ հետո մեկուկես տարեկան տղային արդեն տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, քանի որ նրա մոտ իսկապես մենինգիտ էր ախտորոշվել։
Բուժումը ճիշտ ժամանակին էին սկսել՝ ևս մի քիչ հապաղեին ու տղայի մոտ սեպսիս կսկսվեր, ու ստիպված կլինեին անդամահատել նրա վերջույթները։ Ցավոք, նույնիսկ այդ պահին հիվանդությունն արդեն չափից շատ էր խորացել ու հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխան կորցրել էր լսողությունը։ Նրան տեղադրել էին կոխլեար իմպլանտ, ու նա ստիպված է եղել նորից սովորել խոսել ։
Ջեյնը հիմա դիմում է մյուս ծնողներին ու նրանց կոչ անում հավատալ մայրական բնազդին ու չվախենալ դեմ գնալ անգամ ամենավստահ բժիշկներին։ Եթե մայրը կասկածում է, որ իր երեխան ծանր հիվանդ է, նա պետք է գնա մինչև վերջ ու փրկի երեխայի կյանքն ու առողջությունը։
«Ես վստահ եմ, որ մայրական ինտուիցիա գոյություն ունի»,- պատմել է Ջեյնը,- Ես միշտ հավատացել եմ նրան, ինչ ինձ հուշում էր իմ բնազդը։ Եթե դուք մայր եք, ապա պետք է նույն կերպ վարվեք։ Ոչ մեկին թույլ մի տվեք շեղել Ձեզ, գնացեք առաջ ու պնդեք ձեր տեսակետը։ Հիշեք, որ դուք պաշտպանում եք երեխայի կյանքն ու առողջությունը ու Ձեր թուլության դեպքում դուք կարող եք պարզապես կորցնել նրան»։