Հաճախ հիվանդների մոտ առաջանում են ախտանշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ շուտով նրանց մոտ ինսուլտ կամ ինֆարկտ կլինի։ Սակայն շատերը այդ ախտանշանները չգիտեն ու դրանց ուշադրություն չեն դարձնում։
Ցավ ուսերում, մեջքի հատվածում, ձեռքերում
Ուսերում, մեջքի հատվածում ու ձեռքերում ցավերը, որոնք հնարավոր չէ բացատրել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, կարող են վկայել մոտ ապագայում ինֆարկտի կամ ինսուլտի բարձր հավանականության մասին։ Նման ցավային զգացողությունները կապակցված են արյան շրջանառության խնդիրների հետ։
Թուլություն ու գլխապտույտ
Վատ արյան շրջանառության պատճառով հիվանդների մոտ կարող է նաև առաջանալ արտասովոր թուլություն մարմնում կամ գլխապտույտ՝ վկայություն, որ արյան հետ անհրաժեշտ քանակության սննդարար նյութեր ու թթվածին չի մատակարարվում ուղեղ։
Սառը, կպչուն քրտինք
Մասնագետների խոսքով՝ իրենց կողմից դիտարկված հիվանդների մեծ մասի մոտ, որոնք սրտի նոպա են ունեցել, դրան նախորդող ժամանակաշրջանում նկատվել են սառը կպչուն քրտինքի նոպաներ։ Շատերը գանգատվել են մրսածության կամ գրիպի ախտանշաններից։
Հոգնածություն ու հյուծվածություն
Ինֆարկտի, ինսուլտի կամ սրտանոթային այլ խնդիրների նախանշաններից կարող է լինել օրվա ընթացքում երկար ժամանակ չանցնող հոգնածությունը կամ ուժասպառությունը։ Հիվանդների խոսքով՝ նման պահերին իրենք զգում էին շնարգելություն, նաև ուժ չէին ունենում հասարակ ֆիզիկական գործողությունների համար։
Ստամոքսի խանգարում
Ստամոքսի խանգարումը կամ աղեստամոքսային տրակտի մշտական ցավերը նույնպես ինֆարկտի մասին վկայող վաղ ախտանշաններից են համարվում։ Դա հաճախ է դիտարկվում հատկապես 60-ն անց մարդկանց մոտ։ Նման ախտանշանների առկայության դեպքում պետք չէ հետաձգել այցելությունը բժշկին ու մանրակրկիտ հետազոտությունը։
Տագնապ
Ոմանց մոտ ինֆարկտից մի քանի շաբաթ կամ ամիս առաջ կարող է սկսվել անբացատրելի տագնապ՝ հատկապես գիշերային ժամերին։ Ինֆարկտ տարած հիվանդների ազգականները խոստովանել են, որ ինֆարկտից մի քանի օր առաջ նրանք անբացատրելիորեն տագնապած էին, «ասես փշերի վրա լինեին»։