Այն որ հայկական շոու բիզնեսի հայտնիները չեն դադարում ակտիվ լինել իրենց գործունեության մեջ և մշտապես ներկայացնում են նոր աշխատանքներ, իհարկե, լավ փաստ է: Բայց այն, որ դրա հետ մեկտեղ նրանք չեն կատարելագործում իրենց սեփական գիտելիքները այս կամ այն ոլորտի մասին, դա, անշուշտ, ոգևորող հանգամանք չէ: Իսկ նրանց՝ բացի իրենց գործունեությունից այլ բանով չհետաքրքվելու և այլ անհրաժեշտ գիտելիքներ չունենալու փաստը երևում է այն ժամանակ, երբ այդ նույն հայտնիները մասնակցում են որևէ հաղորդման, որտեղ չի հնչում հետևյալ՝ «ո՞ր տարիքից եք սկսել Ձեր գործունեությունը», «ի՞նչ նոր աշխատանքներ են սպասվում», «ե՞րբ կլինի Ձեր հաջորդ տեսահոլովակը» և նմանատիպ այլ հարցեր:
Սրա մասին չէի արտահայտվի, եթե օրերս աչքովս չընկներ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ մի հաղորդում, որտեղ վերջինս չկարողացավ տրամաբանել մի «պրիմիտիվ» հարցի շուրջ, որը, կարծում եմ, կգուշակեր անգամ դպրոցական երեխան: Եվ այսպես, խոսքը «Բարտեր» հաղորդման մասին է, որը ժամանակին հեռարձակվում էր ԱԹՎ հեռուստաընկերությամբ: Հաղորդման հյուրերը, ճիշտ պատասխանելով հաղորդավարի՝ Հակոբ Հակոբյանի հարցերին, հնարավորություն էին ստանում իրենց տան հին կենցաղային տեխնիկան փոխանակել նորով: Եվ այսպես, հաղորդման ընթացքում Արփի Գաբրիելյանն ընկերուհիների հետ միասին փորձելով պատասխանել հետևյալ՝ «Ո՞ր քաղաքում 1932թ. առաջին անգամ անցկացվեց հայտնի կինոփառատոնը» հարցին, երկար քննարկումներից հետո ընտրում է առաջ բերված տարբերակներից մեկը՝ Վենետիկը, ինչն էլ հենց համարվում է ճիշտ պատասխանը: Սակայն հարցը սրանում չէ. ճիշտ պատասխանից ոգևորված, Արփին, չկարողանալով զսպել իր ուրախությունը, հաղորդավարին հնչեցնում է, ուշադրություն, հետևյալ հարցը՝ «Բայց ո՞ր կինոփառատոնն էր»… Սա, թերևս, զարմացնում և ծիծաղեցնում է անգամ Արփիի ընկերուհիներին:
Այժմ ուզում եմ դիմել Արփիին՝ «ախր, այ Արփի ջան, այ աղջիկ ջան, դիմահարդարումից, վարսահարդարումից, գեղեցիկ և թանկարժեք զգեստներից, երբեմն ոչինչ չասող քո երգերից և տեսահոլովակներից բացի կան շատ տարրական հարցերի պատասխաններ, որոնք պետք է իմանալ գոնե հանրության աչքին խելացի երևալու համար»:
Հ.Գ.
Զվարճալի է նաև այն, որ սովորաբար լինում են հարցեր, երբ ինքնին արդեն հուշում են պատասխանը, իսկ տվյալ դեպքում՝ Արփիի պատասխանն է իր մոտ հարցեր առաջացնում, որոնք զավեշտի ժանրից են… Իսկ դրանից հետո էլ հեռուստադիտողի մոտ են հարցեր առաջանում, որոնք արդեն վերը շարադրեցի:
Առաջարկում եմ դիտել հաղորդման տվյալ հատվածը՝ 34:10 րոպեից