Արտակարգ դեպք Երևանում. դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. Էրեբունու բժիշկները փրկել են դանակահարվածների կյանքը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. Էրեբունու բժիշկները փրկել են դանակահարվածների կյանքը. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիգեն Ն.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 178 ավագ դպրոցի մոտ վայր ընկնելու հետևանքով։ Մինչ ոստիկանները հիվանդանոցում դեպքի հանգամանքներն էին պարզում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի էլ է բերվում նշված բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Վ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հիշում, թե որտեղ և ինչ պայմաններում է դանակահարվել։ Մինչ բժիշկները կպայքարեին նրանց կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզում են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Խաղաղ Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և այդ ժամանակ նշված անձինք սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Ըստ բժշկի հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու։ Էրեբունի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Իսկ կարճ ժամանակ անց Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից պարզվել է, որ Վիգեն Ն.-ին և Ռաֆայել Վ.-ին նշված վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի Ավանեսովի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 17-ամյա Հովհաննես Մ.-ն։

Էրեբունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ փետրվարի 20-ին, կեսգիշերն անց Հովհաննես Մ.-ն ներկայացել է Ոստիկանություն։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վիգեն Ն.-ն սովորում է Երևանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երևանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com