Խալիլ փաշայի այցը Երևան․ սեպտեմբեր, 1918
Advertisement 1000 x 90

Խալիլ փաշայի այցը Երևան․ սեպտեմբեր, 1918

Կովկասյան ճակատի թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշայի այցը Երևան վաղուց էր անհամբերությամբ սպասվում։ Այս երևույթի պատճառն այն է, որ հայ ժողովուրդը սպասում է իր բարձրաստիճան հյուրից ոչ միայն խոսքեր, այլև իրական քայլեր, որոնք պետք է բարելավեն հայ-թուրքական հարաբերությունները։

Անդրկովկասի հանրապետության՝ Ռուսաստանից բաժանվելուց հետո Թուրքիան կրկնակի խախտեց կնքված դաշնագիրը։ Հակառակ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի, նա վերսկսեց պատերազմը և գրավեց հայկական տերիտորիայի նոր մասեր, հակառակ Բաթումի դաշնագրի, նա մինչև այժմ էլ չի դատարկում այն շրջանները, որոնք մտնում են Հայաստանի Հանրապետության սահմաններում, մինչև այժմ էլ թույլ չի տալիս գաղթականությանը վերադառնալ իր տեղերը, վերականգնել տնտեսական հարաբերությունները հարևան երկրներում։

Այս հանգամանքները ստեղծել են հայ ժողովրդի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար  անտանելի կացություն, այս հանգամանքները մեծապես խանգարում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Մենք այն համոզման ենք, որ հայ ժողովրդի շահերը պահանջում են ստեղծել հարևան ազգերի, մանավանդ թուրք ժողովրդի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, մենք համարում ենք «դրսի» քաղաքականությունը միանգամայն վնասակար հայության համար։ Այս տեսակետից՝ մենք պատրաստ ենք մոռացության տալ այն բոլորը, ինչ որ տեղի է ունեցել Թուրքիայում վերջին տարիների ընթացքում հայերի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք անկեղծորեն մեր ձեռքը մեկնելու հարևան պետությանը։ Բայց, միևնույն ժամանակ, բարոյական իրավունք ունենք պահանջելու, որ նույնը կատարվի մեր հանդեպ։

Հայկական պետականության վերածնությունը մենք պարտ ենք Թուրքիային, հենց այս հանգամանքը մեզ իրավունք է տալիս պահանջելու, որ մանուկ հանրապետությունը դրվի իր զարգացման համար նպաստավոր պայմանների մեջ։ Դրա համար անհրաժեշտ է, որ հայ ժողովրդին տրվի բավականաչափ տերիտորիա՝ նորմալ զարգանալու համար։ Ուրիշ խոսքով, հայության ցանկությունն է, որ օր առաջ իրագործվի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Ապա հայ ժողովուրդը ցանկանում է, որ թույլ տրվի վերջապես մեր գաղթականությանը վերադառնալ իրենց տեղերը՝ ապահովելով նրանց կյանքը և գույքը և որ բացվեն ճանապարհներն ու վերսկսվեն տնտեսական փոխհարաբերությունները։ Այս բոլորի իրագործմամբ է, որ հայ ժողովուրդը անկեղծորեն կվերսկսի բարիդրացիական հարաբերությունները թուրք ժողովրդի հետ։

Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը ամենամոտ ապագայում իր հերթին կանի ռեալ քայլեր, ցույց տալու իր հարևաններին, որ նա արմատապես փոխում է իր քաղաքականությունը։

Այս բոլորը չի կարող հայտնի չլինել թուրք կառավարությանը, և քանի որ մեզ մոտ է գալիս ներկա պայմաններում թուրք աչքի ընկնող գործիչ, ապա այցը ունի քաղաքական նշանակություն։

Մենք համոզված ենք, որ Թուրքիան նույնպես անհրաժեշտ է համարում մեր փոխհարաբերությունները բարելավել և դրա համար էլ մեզ մոտ ուղարկել է իր ներկայացուցչին։

Միայն մենք պետք է մաղթենք, որ Խալիլ փաշայի խոստումները օր առաջ իրագործվեն։ Ողջունում ենք թուրք կառավարության ներկայացուցչի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելը որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջին ազդանշանը։

Ժողովուրդ, թիվ 7, հինգշաբթի, սեպտեմբերի 5, 1918

aniarc.am