Հայաստանում դժվար է գրեթե բոլորի հետ՝ անկախ նրանից՝ հայտնի են, թե ոչ. Ալկա-Սոնա. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում դժվար է գրեթե բոլորի հետ՝ անկախ նրանից՝ հայտնի են, թե ոչ. Ալկա-Սոնա. wnews.am

Փետրվարի 9–ից հայկական հեռուստաեթերում ավելացավ ևս մեկ թոք-շոու. Առաջին ալիքով մեկնարկեց  «Եկեք հասկանանք» նախագիծը: Հայտնի հաղորդավարներ, իրարից անբաժան Աելիտա Չիլինգարյանն (Ալկան) ու Սոնա Աբրահամյանը՝ փորձագետների և հրավիրված հյուրերի հետ միասին հասկանում ու լուծում են տալիս հաղորդման հերոսների խնդիրներին:

Սա հեռուսանախագիծ է ամուսնության, ընտանիքի, վեճերի ու բաժանությունների, հեշտ ու դժվար հարաբերությունների մասին: Ընդունե՞լ կյանքի մարտահրավերները, թե՞ ամեն ինչ թողնել ինքնահոսի: Եթե ինքնուրույն գլուխ հանել չի ստացվում, Աելիտան և Սոնան կօգնեն հասկանալ՝ միասին:

Wnews.am-ն փորձել է Ալկա-Սոնա հաղորդավարական զույգից պարզել, թե ինչով է այն տարբերվելու այլ  թոք-շոուներից, ինչ խնդիրներ է իր առջև դնում և արդյոք ինտրիգային հաղորդումն անդրադառնում է երիտասարդ ու կենսուրախ լրագրողների վրա.

Աղջիկներ կպատմե՞ք «Եկեք հասկանանքի» մասին : Ի՞նչ նախագիծ է, ինչպես՞ ստացաք այն վարելու առաջարկը։

Աելիտա- «Եկեք Հասկանանք». վերնագիրն արդեն շատ բան է ասում հաղորդման բովանդակության մասին: Մենք ստեղծում ենք հաղորդում մարդկանց ու նրանց հարաբերությունների մասին, բայց չենք մոռանում, որ մարդաբանական թեմաները ևս պետք է ներկայացնել լրագրողական մոտեցմամբ: Բացի այդ,  «Եկեք Հասկանանքը» ունի երկու հաղորդավար հենց այն բանի համար, որ եթերում ոչ միայն ներկայանան պատմության երկու կողմերը, այլ նաև հաղորդավարների դերաբաշխման միջոցով երկու կողմերի շահերը ու փաստարկները հավասար ցուցադրվեն:

Սոնա- «Մասնագիտությունը լրագրող»-ը եթերում էր  գրեթե չորս տարի, հետևաբար ես ու Աելիտան արդեն պատրաստ էինք մեզ փորձել նոր ֆորմատում, ու այս հարցում մեր և Հանրային հեռուստաընկերության կարծիքները համընկան: Առաջարկը ստանալուց հետո մենք հետաքրքրությամբ անցանք աշխատանքի:

Թոքշոուները ամենաշատն են դիտվում, բայց հաղորդավարն էլ պետք է երկաթե նյարդեր ունենա, այդ իմաստով ձեզ պատրաստ համարո՞ւմ եք:

Սոնա- Մենք միշտ ենք սիրում կրկնել, որ առաջին հերթին լրագրող ենք, հետո նոր հաղորդավար, իսկ լրագրողի գործը անկախ ֆորմատից միշտ է երկաթե նյարդեր պահանջում, հետևաբար մենք սրան պատրաստվում ենք արդեն 14 տարի:

Ինչո՞վ է այն տարբերվելու այլ թոքշոուներից:

Աելիտա- Հայկական հեռուստաեթերում կան սոցիալական, քաղաքական թոք-շոուներ, բայց որակյալ մարդաբանական թոք-շոուներ մեր հեռուստադիտողը ստիպված է դիտել դրսի հեռուստաալիքներով: «Եկեք Հասկանանք»-ի եթերում պահպանվելու է շոուի և լրագրողական մոտեցման բալանսը: Մենք չենք ժխտում, որ եթերում կլինեն ինտրիգային պահեր, լարված իրավիճակներ կամ առերեսումներ, ինչը հատուկ է աշխարհում ցուցադրվող բոլոր թոք-շոուներին: Միևնույն ժամանակ մեր ստեղծագործական խումբը ինքն իր համար ներքին չգրված կանոնակարգ է ստեղծել՝ հասկանալու համար սահմանները:

Հաճախ թոքշոուների նպատակը հասկանալի չի լինում: Այլ մարդկանց անձնական կյանքն ու խնդիրները քննարկելուց զատ, ի՞նչ ասելիք պետք է ունենան նմանատիպ նախագիծը:

Սոնա- «Եկեք Հասկանանք»-ը մարդաբանական թոք-շոու է, բայց զրույցների արանքում մեզ համար կարևոր է հիշել՝ որն է խնդիրը ու ինչպես այն կարելի է լուծել: Մեր հաղորդման առանձնահատկությունը հենց դա է, գրեթե յուրաքանչյուր պատմության վերջում փորձելու ենք խնդրի լուծմանը գոնե մեկ քայլով մոտենալ: Ինչպես եղավ հենց առաջին թողարկման հերոսուհու դեպքում:

Ովքե՞ր կարող են դառնալ ձեր հաղորդման հերոսներ:

Աելիտա- Կյանքը անընդհատ մարտահրավերներ է նետում՝ ամուսնություն, բաժանություն, ներանձնային չլուծված խնդիրներ կամ արտառոց պատմություններ: Մենք սիրում ենք կրկնել՝ եթե ինքնուրույն գլուխ հանել չի ստացվում, եկեք հասկանանք, այնպես որ մեր հաղորդման հերոս կարող է լինել յուրաքանչյուր մարդ:

Աշխատանքային վեճեր երբեք չեք ունենում, նոր նախագծում էլ այդ համերաշխությունը շարունակվո՞ւմ է:

Սոնա- Այդ համերաշխությունը ԱլկաՍոնա հեռուստատեսային զույգի համերաշխությունն է, որը փոփոխման ենթակա չէ՝ անկախ ֆորմատից:

Հաղորդման նկատմամբ մեծ ուշադրությունը ձեզ չի՞ վախեցնում: Պատրա՞ստ եք բուռն քննարկումներին:

Աելիտա- Մեր օրերում ֆեյսբուքում քննարկվում է ամեն ինչ՝ հասարակ լուսանկարից մինչև որևէ մեկի տված սկանդալային հարցազրույց, սա և լավ է, և վատ: Մի կողմից համացանցը կարող է բարձրացնել նյութի դիտողականությունը, մյուս կողմից, սակայն, քննարկմանը կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով կարող է միանալ ինտերնետին:

Սոնա- Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կարծիք, կողմ ենք քննարկումներին, որովհետև դա նշանակում է, որ նախագծի հանդեպ հետաքրքրություն կա: Իսկ ամեն քննարկումից հետո հետևությունները մենք անում ենք ու փորձում լինել ավելի լավը:

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր