Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն
Advertisement 1000 x 90

Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն

Մինչև 2020 թվականը Չեխիայում կստեղծվի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն, առավելապես ՆԱՏՕ-ի կարիքների համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Կառլա Շլեխտովան:

«Նոր համակարգը օժտված կլինի հսկայական հնարավորություններով՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով մի քանի տասնյակ րոպեի ընթացքում: Դա նաև կդառնա այն բանի վկայությունը, որ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն պրոֆեսիոնալներին»,-ասել է Շլեխտովան:

Ենթադրվում է, որ նոր կենտրոնը լուսանկարներ կստանա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր արբանյակներից և դրանցից կստեղծի աշխարհի այս կամ այն շրջանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը: Առաջին հերթին այն կօգտագործվի ՆԱՏՕ-ի և Չեխիայի ռազմական գերատեսչության կարիքների համար, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի անհրաժեշտ տեղեկատվությաոն տրամադրել բժիշկների և հրշեջների համար:

Կենտրոնի ստեղծումը կսկսվի այս տարվա հուլիսին և պետք է ավարտվի մինչև 2020 թվականի սկիզբը: Դրա աշխատանքներում պլանավորվում է ներգրավել բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մասնագետների:

«Այդպիսով՝ մենք տեխնոլոգիական առումով տեղ կզբաղեցնենք աշխարհի առաջատարների շարքում, այսօրինակ տեխնիկա և հնարավորություններ ունեն աշխարհի միայն մի քանի պետություններ»,- լրագրողներին հայտարարել է ռազմական հետախուզության փորձագետներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր