Փրկարարների խմբերը Իրանում աղետի ենթարկված Aseman Airlines ընկերության ATR-72 ինքնաթիռից զոհվածների մարմինների դուրսբերման ցամաքային գործողություն են պատրաստում, քանի որ ուղղաթիռների վայրէջքը կործանման վայրում հնարավոր չէ: Այդ մասին փետրվարի 20-ին Fars գործակալությանը հայտարարել է արտակարգ իրավիճակների իրանական վարչության ներկայացուցիչ Մոջթաբա Հալիդին:
Փետրվարի 18-ի առավոտյան ATR-72 մարդատար ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Թեհրանից Յասուջ, կործանվել է Սպահանի նահանգում՝ Դենա լեռան շրջանում: Ինքնաթիռում գտնվում էր 60 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են: Հալիդին հայտնել է, որ օդանավի բեկորները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտային զորամասեր) կողմից հայտնաբերվել են Դենայի դժվարամատչելի և առավել վտանգավոր լեռնալանջերից մեկում՝ ծովի մակերևույթից շուրջ 4500 մետր բարձրության վրա գտվող Նուկուլ գյուղի շրջանում:
«Կործանման վայրում ուղղաթիռների վայրէջքը հնարավոր չէ,-նշել է նա:- Հարկ կլինի զոհվածների մարմինները լեռան ստորոտ իջեցնել գետնի վրայով, և այժմ ընթանում է այդ գործողության նախապատրաստումը»: Նրա խոսքով, ներկայում Սպահանի բժշկական գիտությունների համալսարանի փրկարարական ծառայությունների աշխատակիցները շտապօգնության հինգ մեքենաներով և այլ տեխնիկայով տեղավորված են Սիսեհթայի շրջանում:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիումար Հայդարին, զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կարողացել են մոտենալ աղետի վայրին, սակայն առայժմ շարունակում են անմիջականորեն դեպի բեկորները տանող առավել հարմար երթուղիներ փնտրել:
«Եթե զոհերի մարմինները հայտնաբերվեն, մենք անհապաղ տարհանում կսկսենք: Մեր ցամաքային ուժերը հանդերձված են դրանց տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով,-նշել է նա:- Եթե պահանջվի, տարհանումը կանցկացնենք օդով, սակայն վատ եղանակը խոչընդոտում է ուղղաթիռների վայրէջքն այդ շրջանում»:
Փետրվարի 19-ի երեկոյան, ինչպես հայտնել է Իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը, աղետի հանգամանքները, այդ թվում՝ օդանավի սև արկղերն ուսումնասիրելու համար Թեհրան է ժամանել ֆրանսիացի ավիացիոն մասնագետների պատվիրակությունը՝ երեք փորձագետ՝ օդային պատահարների հետաքննության հանձնաժողովից, և ATR ֆրանս-իտալական կոնցեռնի չորս ներկայացուցիչ:
Իրան իր փորձագետներին ուղարկելու պատրաստակամություն է հայտնել նաև Pratt & Whitney Canada-ն, որն արտադրել է օդանավի շարժիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: