Life.panorama.am-ը զրուցել է դերասան Կառլեն Մուրադյանի հետ, ով հեռուստադիտողին հայտնի է «Հին արքաներ»,, «Քավարան» հեռուստասերիալներից, իսկ այժմ նկարահանվում է «Վերջին գործարքը» 24 մասանոց քրեական դրամայում:
Պատմելով «Վերջին գործարքը» 24 մասանոց քրեական դրամայի կազմում ընդգրկվելու մասին` Կառլեն Մուրադյանն ասաց.
«Մինչ այս ռուսական՝ «Правила охоты» սերիալի շրջանակներում արդեն աշխատել էի «Վերջին գործարք»-ի ռեժիսորի, միևնույն ժամանակ նաև սցենարիստի՝ Դավիթ Զոհրաբյանի հետ, և ֆիլմի տնօրեն, ինչպես նաև սցենարի համահեղինակ Արթուր Մկրտչյանի հետ, ինչի արդյունքում արդեն ծանոթ էի նրանց աշխատելաոճին: Դավիթն ինձ զանգահարեց և հայտնեց առաջարկի մասին, ծանոթացրեց սցենարին, իմ կերպարի առանձնահատկություններին, ինչն ինձ շատ դուր եկավ, և ես սիրով համաձայնեցի: Պետք է ասեմ, որ «Վերջին գործարք»-ի սցենարն ինձ շատ գրավեց, որովհետև դրանում առկա թեման, որն է կրիմինալը, վերջին շրջանում պակասում է մեր հեռուստատեսությունում»,- նշեց Կառլեն Մուրադյանը:
Խոսելով «Վերջին գործարք»-ի դերասանական կազմի մասին՝ Կառլենը նկատեց, որ նախկինում շատերի հետ է հնարավորություն ունեցել աշխատելու.
«Դերասան- դերասանուհիներից գրեթե բոլորի հետ կամ աշխատել եմ կամ էլ ծանոթներ ենք, բացառությամբ` Ջոն Մակարյանի, ում հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ էր, շատ նոր բան սովորեցի նրանից»,- պատմեց դերասանը:
Անդրադառնալով իր հերոսին՝ Կառլենը նշեց, որ նա մասնագիտությամբ վիրաբույժ է, ով իր՝ քրեական անցյալ ունեցող եղբոր և ընկերների պատճառով ընկնում է տարբեր փորձությունների մեջ՝ զրկվելով իր սեփական հիվանդանոցից: Եվ հենց այդ հիվանդանոցը հետ բերելու հանգամանքն էլ նրան ստիպում է միանալ հանցավոր խմբին.
«Ովքեր հետևում են մեր սերիալի ընթացքին, կարող եմ ասել, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Շատ հետաքրքիր զարգացումներ և անսպասելի փոփոխություններ են սպասվում առջևում»,-հավելեց Կառլեն Մուրադյանը:
Վերջինս նշեց, որ «Վերջին գործարքը» իր անսպասելի զարգացումներով կարողանում է հեռուստացույցի առջև պահել հեռուստադիտողներին: Վերջինիս կարծիքով՝ սերիալի ստեղծագործական կազմը կարողացել է ապահովել այն հետաքրքրությունը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր արտադրանքի դեպքում.
«Դիտելով «Վերջին գործարքը»՝ կարծում եմ, որ հեռուստադիտողին են փոխանցվում տարբեր զգացումներ՝ սեր, կորուստ, ընկերություն, ընտանեկան հարաբերություններ և այլն: Մեր սերիալի հետաքրքրություններից մեկն էլ կայանում է այն, որ սցենարը գրված չէ հիմնականում մեկ գլխավոր կերպարի պատմության հիման վրա: Այստեղ կան միանգամից մի քանի պատմություններ, որոնք ստիպում են հեռուստադիտողին այդ րոպեների ընթացքում ապրել և մտահոգվել իրենց հերոսների ճակատագրերով»,- շեշտեց Կառլենը:
Մեզ հետ զրույցում Կառլենը պատմեց նաև, որ այս ընթացքում «Վերջին գործարք»-ից բացի, նկարահանվել է նաև մեկ այլ հեռուստանովելում, որը շուտով կցուցադրվի.
«Վերջերս ավարտեցինք ռեժիսոր Հայկ Կբեյանի՝ 25 մասից բաղկացած «Տեսիլքներ» հեռուստանովելը, որը միստիկ դրամայի ժանրի մեջ է: Բացի ինձանից, այս հեռուստանովելում նկարահանվել են նաև դերասաններ Արմեն Մարգարյանը, Լիլի Միքայելյանը և այլք: Բացի սրանից, ես նաև ֆորում-թատրոն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ եմ, որը զբաղվում է, այսպես ասած` «հասարակական թատրոն» գաղափարով ու 2017-2018թթ. իրականացնում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար: Այս պահին դրանով եմ զբաղված և նշեմ, որ ամենայն հավանականությամբ արդեն մայիս ամսին կլինեն այդ ֆիլմերի ցուցադրությունները»,- մանրամասնեց Կառլեն Մուրադյանը: