Նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաև ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել. Իվետա Եդիգարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաև ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել. Իվետա Եդիգարյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի և երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով այս շրջանում ներկայանում է «Վերվարածները 2»-ում` «Անուղղելիներում», որտեղ Զիտայի կերպարով 9 տարի առաջ մեծ հայտնիություն ձեռք բերեց:

Այժմ նկարահանվում է սերիալի երկրորդ եթերաշրջանը: Իվետայի խոսքով`Զիտայի կյանքում շարունակվում է խառնաշփոթ տիրել.

«Իմ հերոսուհին մշտապես խառնաշփոթի մեջ է, նրա ամուսինը` Լիպոն, անընդհատ տարօրինակ իրավիճակներում է հայտնվում, որոնց պատճառով նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաև ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել, ինչը,  նրանց պարագայում, իհարկե, դժվար է: Խառնաշփոթ է նաև Զիտայի մոր ընտանիքում, որովհետև նա Ճպլի հետ է, բայց նաև հանդիպում է ավելի երիտասարդ տղամարդու հետ, արդյունքում խանդի տեսարաններ և իսկական իրարանցում»,- պատմեց Իվետան:

Դերասանուհին դժվարացավ սիթքոմի հետ կապված առավել մանրամասներ հայտնել, քանի որ դեռ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում «Անուղղելիների» հերոսներին:

Հարցին, թե դատելով արձագանքներից, սերիալը ինչպես 9 տարի առաջ սիրվե՞լ է հանրության կողմից, պատասխանեց.

«Քանի որ «Շանթի» ավանդական ալիքով հեռուստասերիալը չի ցուցադրվում, շատ շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ «Անուղղելիները» հեռարձակվում է: Եվրոպայում գտնվող հայեր կան, որ ինձ ֆիլմից կադրեր են ուղարկում ու գոհունակություն հայտնում: Բայց Հայաստանում բաց ցուցադրություն չլինելու պատճառով արձագանքները համեմատաբար քիչ են: Տարիներ առաջ, երբ ցուցադրվում էր «Վերվարածները», ընտանիքով՝ մեծից փոքր նայում էին: Հիմա որոշ մասը համացանցով է նայում, բայց դա ուրիշ է, հեռուստատեսությամբ ցուցադրությունը՝ ուրիշ, որովհետև ոչ բոլորն են, որ կարողանում են ինտերնետ մտնել ու նայել: Կարծես թե ծրագրեր կան, որ «Անուղղելիները» կցուցադրվի նաև «Շանթի» ավանդական ալիքով, ինչը, վստահ եմ, ավելի մեծ արձագանքների պատճառ կդառնա: Ամեն դեպքում, ես սիրով եմ գնում նկարահանումների, որովհետև հարազատ պրոյեկտ ենք վերադարձել և մեզանից յուրաքանչյուրը ջանք չի խնայում, որպեսզի արդյունքը լավ ստացվի»:

Իվետա Եդիգարյանը այս ընթացքում աչքաթող չի անում նաև երգչուհու կարիերան: Օրեր առաջ նա մոսկվաբնակ երգիչ Էդգար Գևորգյանի հետ թողարկեց նոր տեսահոլովակ` «Իմ սիրտը քոնն է» երգի հիման վրա: Առջևում նրանք դարձյալ համատեղ աշխատանքով կներկայանան;

«Մեր համատեղ աշխատանքի սկիզբը շատ հեշտ է ստացվել:  Մի օր «Instagram»-ով ուղիղ եթեր էի դուրս եկել և Էդգարը նույնպես միացել էր իմ եթերին: Այդ պահին մոսկվաբնակ մեր երկրպագուներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ համատեղ երգ չենք ձայնագրում: Կարծես թե հենց այդ հարցն էլ պատճառ դարձավ, որ մտածենք այդ ուղղությամբ: Այդ ժամանակ Էդգարին արդեն այս երգը տվել էին, և նա առաջարկեց այն միասին ներկայացնենք, արդյունքում ստեղծվեց մեր համագործակցությունը: Առաջին հաջող փորձից ու արձագանքներից ելնելով` որոշեցինք ևս մեկ երգ միասին թողարկել: Երգն արդեն կա, հեղինակը Աննա Հովներն է, չի բացառվում, որ երգը կունենա նաև տեսահոլովակ»,- նշեց երգչուհին:

Տարվա ընթացքում Իվետան կփորձի անհատական երգ ևս թողարկել, որն, իր խոսքով, ոճային կտրուկ տարբերություն կունենա:

Հարցին, թե ինչպե՞ս է հասցնում համատեղել դերասանական կարիերան և երգարվեստը, և դրանց զուգահեռ նաև ժամանակ տրամադրել դստերը, Իվետան նշեց, որ մեծ դժվարությամբ է հասցնում՝ ընդգծելով.

«Առավոտից երեկո նկարահանումների մեջ եմ, բայց հասցնում եմ նաև առողջ ապրելակերպ վարել` լողի գնալ, և անգլերեն եմ ուսումնասիրում, իսկ ահա երեկոյան՝ երգում եմ: Օրվա ընթացքում անպայման հասցնում եմ նաև ժամանակ անցկացնել դստերս հետ: Նա իր առօրյան հիմնականում անցկացնում է մայրիկիս հետ, բայց միասին անցկացրած ժամանակը թե ինձ, թե նրա համար ամենաթանկն է: Այդ պատճառով ես ամեն բան անում եմ, որպեսզի աղջկաս հետ շատ ժամանակ անցկացնեմ»:

life.panorama.am



Նման նյութեր