Ալեքսեյ Նավալնու՝ ռուսական իշխանությունում կոռուպցիայի մասին նոր հետաքննությունը
Բարձրաստիճան ռուս պաշտոնյաներից մեկը՝ Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոն մի քանի օր է անցկացրել մարմնավաճառների և ազդեցիկ ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի ընկերակցությամբ: Այս մասին պատմել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր նոր «Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. տղամարդկանց հրապուրելու գիտակը բացահայտումներ է անում կաշառակերի մասին» տեսանյութում։
Սակայն այդ 25-րոպեանոց տեսանյութը բնավ զբոսանավերի վրա զվարճանքի մասին չէ: Դա Նավալնու գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր հետաքննությունն է:
Դա Նավալնու գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր հետաքննությունն է:
Ֆիլմում Պրիխոդկոն ներկայացվում է որպես «ծայրահեղ ազդեցիկ ռուսաստանցի պաշտոնյա» և «միջազգային հարաբերությունների ոլորտում գրեթե ամենաազդեցիկ պաշտոնյա» և մեղադրվում է նրա համար, որ կաշառք է վերցնում Օլիգարխ Օլեգ Դերիպասկայից:
Forbes ամսագրի վարկածով՝ Դերիպասկան 2000-ականների վերջին ամենահարուստ ռուսաստանցին էր և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 9-րդ տեղն էր զբաղեցնում: Հետաքննության հեղինակների կարծիքով՝ նա պաշտոնյային վճարել է, որպեսզի վերջինս իր շահերի լոբինգն անի Կրեմլում: Բայց ոչ միայն: Ֆիլմը պնդում է նաև, որ այդ ամբողջ պատմությունը կապված է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ:
Ֆիլմը պնդում է նաև, որ այդ ամբողջ պատմությունը կապված է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ:
Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն երկար ժամանակ է՝ պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը գումար էր ստանում Օլեգ Դերիպասկայից դեռևս 2005թ-ից այն բանի համար, որ Ռուսաստանի շահերի լոբինգ էր անում ամերիկյան կառավարությունում: Նրանք նաև համատեղ բիզնես են վարել:
Այժմ ԱՄՆ-ում Մանաֆորտի դեմ հետաքննություն է իրականացվում, 2018թ-ի գարնանը նա դատարանի առջև կկանգնի: Նրան մեղադրում են ԱՄՆ դեմ դավադրության, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ապօրինի համագործակցության և փողերի լվացման համար:
Կրեմլի հետ համագործակցության համար Մանաֆորտին դեռևս չեն մեղադրել, սակայն մի քանի անգամ արդեն հարցաքննել են այդ գործով և նույնիսկ խուզարկել նրա տունը: Ռուսաստանցի թեթևաբարո կնոջ բացահայտումները կարող են Ռուսաստանի հետ Մանաֆորտի կապերի հանդեպ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել:
«Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. տղամարդկանց հրապուրելու գիտակը բացահայտումներ է անում կաշառակերի մասին» ֆիլմն առաջին աղմկահարույց հետաքննությունը չէ, որն անցկացրել է Նավալնու հիմնադրամը: Նրա երկու ամենառեզոնանսային ֆիլմերը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և գլխավոր դատախազ Յուրի Չայկայի մասին են, որոնք մասշտաբային կոռուպցիոն սխեմաներ են իրականացրել: Ֆիլմերը միասին ավելի քան 40 մլն դիտում են ունեցել: Ռուսական իշխանությունները, սակայն, անտեսել են դրանք:
Ֆիլմերը միասին ավելի քան 40 մլն դիտում են ունեցել: Ռուսական իշխանությունները, սակայն, անտեսել են դրանք:
Նոր ավարտված հետաքննությունը տարբերվում է նախկիններից իր մեթոդներով: Այս անգամ տեղեկատվության գլխավոր աղբյուր է դարձել զբոսանավի վրա եղած աղջիկներից մեկի Ինստագրամի էջը, ինչպես նաև նրա «Միլիարդատիրոջը գայթակղելու օրագիր» գիրքը:
Աղջիկն իրեն Նաստյա Ռիբկա է անվանում և մանրամասն պատմում այդ զբոսանավի վրա ոմն օլիգարխի և պաշտոնյայի ընկերակցությամբ իր հանգստի, այդ թվում այն մասին, որ նրանք այնտեղ գործնական բանակցություններ են վարել: Անունները գրքում փոխված են, սակայն կերպարների նկարագրությունն, ինչպես նաև Ռիբկայի Ինստագրամի լուսանկարները հաստատում են, որ զբոսանավի վրա են եղել հենց Պրիխոդկոն և Դերիպասկան:
Ֆիլմում նաև նշվում է, որ նկարահանումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել Սերգեյ Պրիխոդկոյի անշարժ գույքը՝ քաղաքամերձ տունն ու Մոսկվայում գտնվող երկու բնակարան՝ 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: