Փարիզը կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թեժացման հանգեցնել։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանն այն մասին, որ Երևանը և Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածքներ» են։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում մեջբերել են Ալիևի հայտարարությունը, որը նա արել է Բաքվում «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարի ժամանակ։
Նշվում է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», — նշված է հայտարարությունում։
Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։