Հայաստանում 2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում։
«Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ՝ գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվեց 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի՝ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։ «Բոլոր լուծումները, որոնք ներկայացնելու է աշխատանքային խումբը, առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը»,- ասաց Կարեն Կարապետյանը: