Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.
Սա Քարերի սիմֆոնիան է՝ Հայաստանի բնության ամենագեղատեսիլ ու ինքնատիպ վայրերից մեկը, իսկական բնական հուշարձան, որը դարեր շարունակ գեղագիտական հաճույք է պարգևել մարդկանց։ Պատահական չէ, որ Արշակունյաց արքայատոհմը իր ամառանոցը ու այստեղ էր կառուցել։ Ի դեպ, պատահականություն չէ նաև այն, որ բնության այս հրաշակերտ վայրում վետերոկ են կառուցում։ Կարելի է ասել, որ վետերոկային բազմադարյա մշակույթի արդի դրսևորումն է։
Հեչ մտածե՞լ եք, որ այդ մշակութային բարդակը մեր սրտերում ո՛չ նոր է, ո՛չ պատահական, ո՛չ օտարածին։ Հեչ չե՞ք խորացել, թե ի՞նչ գործ ուներ հեթանոսական տաճարը թեկուզ արքայական, բայց այդուհանդերձ՝ բաղնիքի հարևանությամբ։ Ըստ իս, դա հենց հայկական թավաքյալիության ու վետերոկային մտածողության դրսևորումն է։ Այդ հիմա է, որ Գառնու հեթանոսական տաճարը պատմամշակոթային ամենանշանակլից հուշարձաններից մեկն է, իսկ կառուցման պահին գործ ունեին գրեթե նույն բովանդակության երևույթի հետ, ինչ Քարերի սիմֆոնիայում վետերոկ կառուցելն է, կամ էլ, ինչպես մի երկու տարի առաջ էին ուզում անել՝ հենց տաճարի մոտ քյաբաբնոց բացելն էր․․․
Բայց լիրիկան ու պատմությունը մի կողմ։ Գիտե՞ք ինչու ենք այսպիսի բաների ականատես լինում ու ոչ միայն Գառնու մատույցներում, այլ համատարած։ Առաջին պատճառը նրանում է, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը ի սպառ զուրկ է հանրային պատասխանատվությունից։ Տվյալ օրինակում դա արտահայտվում է նրանում, որ ինչ-որ մի ռաբիզ ուղեղում Քարերի սիմֆոնիան ու դրա մարդաշատությունը նշանակել են փող բռնելու լավ հնարավորություն ու անգամ մտքի ծայրով չի անցել, որ էդ վետերոկը ընկալվելու է, որպես էսթետիկայի բռնաբարություն ու առհասարակ՝ պիղծ արարք, ու շատ մարդիկ դիսկոմֆորտ ու տհաճություն են զգալու այս գաղափարի կյանքի կոչումից։
Երկրորդ պատճառն այն է, որ մեր գիտակցությունում պարզապես գոյություն չունի պատժի անխուսափելիության կոնցեպտը։ Այս «հանճարեղ» բիզնես կոնցեպպտի հեղինակը, ամենայն հավանականությամբ, չի էլ մտածել, որ կարող է պատժվել նման քայլի համար։ Ենթադրում եմ, որ նրա այդ վստահությունը պայմանավորված է եղել նաև նրանով, որ վետերոկային տրամաբանությունը հուշել է, որ նույնիսկ խնդրի ծագման դեպքում հարցը կարելի է փակել կաշառքով, կամ էլ՝ փայլ տալով։
Իսկ գիտե՞ք, թե որը կլինի խնդրի ամենաարդյունավետ լուծումը ու արդյունավետ ասելով ի նկատի չունեմ զուտ Քարերի Սիմֆոնիայի այս պղծումը չեղարկելու հարցը։ Պետք է այս զզվելի նախաձեռնության հեղինակներին ու պատասխանատուներին պատժել։ Պատիժն էլ զուտ վետերոկի ապամոնտաժումը չպետք է լինի, այլ կոնկրետ պաշտոնանկություններ ու օրենքով նախատեսված առավելագույն տուգանք։ Ընդ որում, պատժի ընթացքը ու տուգանքի չափը պետք է մաքսիմալ լուսաբանել, որ վաղը, երբ ինչ-որ պայծառ ուղեղում ծագի օրինակ՝ Մայր Աթոռի մոտ սպա-կենտրոն բացելու, գոնե մտքի ծայրով անցկացնի, որ իրեն կարող են շատ խիստ պայտել (ժարգոնային լեզվով ասած՝ նալել), նման մտահաղացումների համար։