Երգչուհի Սոնե Սիլվերը վերջերս է վերադարձել Չեխիայից, ուր ամուսնու հետ գտնվում էր շուրջ երկու ամիս: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է երկարատև ճանապարհորդության և առաջիկա անելիքների մասին:
«Մեկ շաբաթ է, ինչ վերադարձել ենք Հայաստան: Բացակայությունս բավականին երկար էր. և պետք է ասեմ, որ շատ էի կարոտել թե Հայաստանը, թե աշխատանքս: Երկու ամիսն ինձ համար երկար դադար էր, և հիմա նոր ուժերով վերադարձել եմ ու անցել հստակ գործունեության»,- նկատեց նա:
Խոսելով արտերկրում երկար ժամանակ անցկացնելու դժվարություններից և հետաքրքրություններից` Սոնե Սիլվերը նշեց.
«Ես ևս մեկ անգամ հասկացա, որ շատ հայրենասեր մարդ եմ, շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին: Միաժամանակ, շատ եմ գնահատում եվրոպացիներին ու նրանց կանոնները: Այստեղ մենք տանն ենք, իսկ Եվրոպայում չկան հայկական քավոր-սանիկ հարաբերություններն ու դրանց հաջորդող հեշտ ճանապարհները: Դրսում հայերը ավելի զգոն ու օրինավոր են, որը հայերի համար գուցե մի քիչ դժվար է: Թեև այս անգամ էլ հասկացա, որ հայերը, միևնույն է, իրենց տեսակը չեն կորցնում` անգամ ապրելով դրսում: Մենք իսկապես շատ ջերմ ազգ ենք, երբեք չենք հրաժարվում մեր ավանդույթներից ու չգրված կանոններից: Ես սիրում եմ շրջագայել, ծանոթանալ տարբեր երկրների բնակիչների հետ, նաև տեսնել, թե ինչպես են տարբեր երկրներում ապրում մեր հայրենակիցները»:
Հատկապես ամուսնությունից հետո երգչուհին հաճախ է բացակայում երկրից, ինչը պատճառ է դառնում, որ շատերը կարծեն, թե երգով զբաղվելը Սոնեի համար սիրողական մակարդակում է, սակայն իր խոսքով, դա բնավ այդպես չէ: Այս պահին էլ երգչուհին զբաղված է իր նոր երգով, որի մասին խոսելիս` նշեց.
«Նոր երգս նոր համագործակցություն է, սակայն փակագծեր բացել դեռևս չեմ ուզում, քանի որ իմ գործունեությանը հետևողները գիտեն, որ չեմ սիրում նախապես խոսել, ամպագոռգոռ ներկայացնել անելիքներս, փոխաները նախընտրում եմ արդեն կայացած աշխատանքս ներկայացնել: Հիմա քննարկվում է` երգը տեսահոլովակով կներկայացվի, թե ոչ, միայն կարող եմ ասել, որ այն դարձյալ անգլերեն է»:
Սոնե Սիլվերը դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, սակայն ամուսնությունից հետո երգչուհին դուրս է եկել այդ աշխատանքից: Խոսելով պատճառների մասին` նշեց.
«Ես շատ եմ սիրում այդ աշխատանքը, իմ ուսանողներին, այդ պատճառով այն ժամանակ ավելի քիչ էի իմ անհատական գործունեությանը ժամանակ հատկացնում և փոխարենը նրանցով էի շատ զբաղվում: Ամուսնությունից հետո որոշեցի դուրս գալ այդ աշխատանքից, որպեսզի ժամանակիս մեծ մասը ընտանիքիս նվիրեի, նաև զբաղվեի իմ կարիերայով: Կարծում եմ` այն տարիքում եմ, որ դեռևս կարող եմ ավելի շատ ինձ վրա կենտրոնանալ, իսկ դասախոսական աշխատանքին ես դեռ կվերադառնամ»: