Դերասանուհի Եվա Բաղդասարյանը շուրջ ութ ամիս դադարից հետո շուտով կրկին կներկայանա հանրությանը: Նա այժմ նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում, որը մոտ ապագայում եթեր դուրս կգա:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նոր աշխատանքի և իր հերոսուհու մասին:
«Դադարս իսկապես երկար էր, բայց ինձ պետք էր, որպեսզի նոր լիցքերով վերադառնայի: Անկեղծ ասաց, «Երևի»-ի ստեղծագործական թիմից դեռ ամռանն էի առաջարկ ստացել մեկ այլ սերիալի համար, սակայն հետո որոշ ծրագրեր փոխվեցին, ու այն ժամանակ տեղեկացա, որ լինելու է այս սերիալն ու ես էլ մասնակցություն եմ ունենալու»,- նշեց Եվան` ընդգծելով, որ մի քանի հանգամանքներից ելնելով` սիրով ընդունել է առաջարկը:
«Նախ ուզում էի նոր թիմում աշխատել, որն ինձ հնարավորություն կտար նորովի ներկայանալ, հետո ինձ հետաքրքրեց նաև իմ հերոսուհին և ընդհանուր հեռուստասերիալի սյուժեն»,- նկատեց նա:
Դերասանուհու փոխանցմամբ` նա ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկն է, ում հետ կապված հետաքրքիր սիրային պատմություն է զարգանում: Եվան ներկայանալու է դերասան Բեն Ավետիսյանի հետ:
«Իմ ու Բենի հերոսներն իրենց սիրո պատճառով մի շարք խոչընդոտների մեջ են հայտնվում: Հերոսուհիս տարբեր իրավիճակներում հայտնվելով` փորձում է պայքարել իր սիրո համար: Ասեմ, որ հեռուստադիտողը գեղեցիկ սեր է տեսնելու` ամեն ինչ ցենզուրայի ու չափի մեջ»,- ընդգծեց նա:
Եվան պատմեց, որ նախկինում անձամբ Բենին չի ճանաչել: Հարցին, թե դժվար չէ՞ չճանաչելով մարդուն սիրահար զույգ խաղալ, պատասխանեց.
«Անշուշտ, դժվար է, բայց ռեժիսոր Վահե Սայանը այդ հարցում իր մեծ լուման ունի: Մենք բոլորս պետք է շատ աշխատենք: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հաղթահարեմ դժվարություններն ու հնարավորինս անկեղծ խաղ ցույց տամ»:
Եվա Բաղդասարյանը նախկինում հաճախ է նշել, որ սիրում է բացասական հերոսուհիներ ներկայացնել: Հարցին, թե այս անգամ դրական կերպարով հանդես գալը դերասանուհու սրտով չէ՞, նշեց.
«Այո, բացասական հերոսուհիներ խաղալը ինձ համար ավելի հետաքրքիր է: Չեմ սիրում սիրային, լացակումած տեսարաններ խաղալ, կցանկանամ, որ այս հեռուստասերիալում նման կադրեր չլինեն: Իհարկե, դրական կերպարները ևս հետաքրքիր են, սակայն ես չեմ սիրում, երբ դրական կերպարները պարտադիր դառնում են լացկան աղջիկներ»:
Հետաքրքրվելով, թե վերջին ամիսներին ինչո՞վ էր պայմանավորված երգչուհու էկրանային դադարը, Եվան նկատեց.
«Առաջարկներ եղել են: Վերջերս հայտնի ռեժիսորներից մեկից հրավեր ստացա, սակայն մերժեցի, քանի որ առաջարկում էր նկարահանվել բաց տեսարաններում: Գիտեք, ես ընդունում եմ, որ դերասանը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր տեսարան խաղալ, բայց մեր երկրում դա չի ընդունվում, և ես էլ մերժում եմ դրանք: Մեր երկրում դեռևս չի հասունացել այն պահը, երբ դերասանին ընկալեն որպես դերասան: Մարդիկ դերասանի յուրաքանչյուր քայլը վերագրում են իրեն և սկսում տարատեսակ ասեկոսեներ հյուսել: Այդ ամենից խուսափելու համար նախընտրում եմ չնկարահանվել բաց ու անկեղծ տեսարաններում»: