Գյումրու քաղաքապետի կողմից օրերս արված հայտարարությունը՝ Գյումրիում նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, հաճելիորեն զարմացրել է շատերին: Թեև շատերը Գյումրիում դրան չեն հավատում, սակայն, որպես հայտարարության ապացույց Գյումրիում լոգիստիկ կենտրոն ստեղծելու ծրագրի շուրջ փետրվարի 21-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Լոգիստիկ կենտրոն՝ ազատ տնտեսական գոտի, ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կնքվեց Գյումրու քաղաքապետարանում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և իսրայելական «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԻ միջև` ի դեմս տնօրեն Հայկ Մաղաքյանի:
Գյումրու քաղաքապետարանին իսրայելական արդյունաբերական պալատն այդ առաջարկով դիմել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին՝ կենտրոնի համար խնդրելով 370 հա տարածք: 335 հա տարածք քաղաքապետարանը տրամադրել պատրաստ է: Այս մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գյումրին ընտրված է Հայաստանում Եվրասիական շուկայի սպասարկման համար: Դեպի Հայաստան ուղղորդվող ընկերությունների մեծ մասը տարբեր երկրներից են, ոչ միայն Իսրայելից:
Ծրագրի նախաձեռնողները, դեռ այդ ժամանակ արդեն ուսումնասիրելով Գյումրու հնարավորությունը, կենտրոնի համար առանձնացնում էին գլխավորը՝ օդանավակայան ունենալու հանգամանքը: Փոխըմբռնման հուշագիրը դեռ օրենքի ուժ չունի. դրա համար անհրաժեշտ է, որ կողմերն իրականացնեն նախապայմաններ, օրինակ` քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել օդանավակայանից դեպի կենտրոն 14 կմ երկարությամբ ճանապարհ, ՀՀ կառավարությունը ևս որոշակի գործառույթներ իրականացնելու է՝ հարկային դաշտի հետ կապված: Կենտրոնի ստեղծման դեպքում այն կլուծի նաև աշխատատեղերի հարցը:
Ճիշտ է` ծրագրի ամբողջական իրականացման դեպքում, նախաձեռնող խմբի տեսլականում մոտ 10 հազար աշխատատեղ է, սակայն սկզբնական շրջանում աշխատատեղերի թիվը քիչ կլինի:
«Այս փոխըմբռնման հուշագրից հետո և՛ կառավարությունը, և՛ քաղաքապետարանն անելիքներ ունեն: 3 ամիս հետո արդեն պայմանագիրը կստորագրվի, եթե կառավարությունն էլ իրականացնի իր պարտավորությունները»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am