Հայաստանի մի շարք հուշարձաններում, մասնավորապես Ամբերդ ամրոցում, Լոռի բերդում և Նուռնուս եկեղեցու տարածքում պեղման աշխատանքներ կիրականացվեն: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Աամուելյանը: «Ամբերդ ամրոցը նախորդ տարի կառավարությունը արգելոց է համարել և այնտեղ լայնածավալ աշխատանքներ են սկսվել»,-ասաց նա:
Սամուելյանի խոսքով` նախագծային և պեղման աշխատանքներ կսկսվեն նաեւ Արտաշատ պատմական մայրաքաղաքում, Դվինի հնավայրում:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ հավելեց, որ հեռուստաընկերություններից մեկի հետ համագործակցության արդյունքում Դվինի հնավայրում իրականացվող պեղումների մասին ֆիլմաշար կնկարահանվի: «Այս տարի նույնպես լրագրողների հետ համատեղ շրջայցեր կկատարվեն` ծանոթանալով հուշարձանների վերանորոգման աշխատանքներին: Հուշարձանների տարածքներում առնվազն երեք տեսախցիկ կտեղադրվի և ՀՀ մշակույթի նախարարության կայքի միջոցով բոլորը հնարավորություն կունենան առցանց հետևել ողջ շինարարական աշխատանքին»,-եզրափակեց նախարարը: