Սպանվածի կրծքավանդակից 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ) են դուրս բերվել, իսկ ներքին օրգանների միջից՝ բազմաթիվ մետաղական կոտորակներ:
Փետրվարի 23-ին՝ ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից քննչական կոմիտե ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում և հնարավոր է ներսում մարդ լինի։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի կայքից:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզվել է, որ ժամը 06։40-ին հարևանությամբ գտնվող բնակիչները նկատել են, որ համագյուղացի, 1957 թ. ծնված Ռ.Հայրապետյանի տանը հրդեհ է բռնկվել և ահազանգել են հրժեջ փրկարարական ծառայություն: Քննչական-օպերատիվ խումբը տան հյուրասենյակում հայտնաբերվել է Ռ.Հայրապետյանի այրված-ածխացած դիակը։
Դիահերձման արդյունքում Ռ.Հայրապետյանի մարմնից՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի մաշկի տակից, դուրս է բերվել 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ), իսկ ներքին օրգաններից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։
Հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Հայրապետյանի սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: