«Բավականին հետաքրքիր է հետևել Ռուսաստանում ծավալվող նախընտրական քարոզարշավին։ Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները անողոք արշավ են ծավալում ոչ թե Սոբչակի, Յավլինսկու, Ժիրինովսկու ու այլ թեկնածուների դեմ, այլ թիրախավորել են Կոմկուսի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինին։
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ, ինչպես կասեին ՀԱԿ-ականները, ռեժիմը խուճապի մեջ է, իսկ Գրուդինինը ամենամեծ ռիսկեր պարունակող թեկնածուն է, առավել ևս, երբ յութուբը հեղեղված է տեսնայութերով, որտեղ վերջինս կոշտ ու առարկայական քննադատության է ենթարկում ռուսական իշխանություններին ու պուտինին։ Սակայն իմ խորին համոզմամբ, Գրուդինինը այդ ընտրություններում ռուսական իշխանությունների գլխաբոր պրոյեկտն է, որը կոչված է վիժեցնելու ռուսական Սասնա Ծռերի ի հայտ գալու գործընթացները։
Հավանաբար ասածս կդիպի ոմանց հոգու նուրբ լարերին, բայց Սասնա Ծռեր հավաքական երևույթը առաջանում է միայն այնպիսի քաղաքական համակարգերում, որտեղ ինստիտուցիոնալ ու ծանրակշիռ ընդդիմությունը բացակայում է։ Հայաստանում այդպես էր, դրա համար մեզ մոտ Սասնա Ծռեր եղան։ Ռուսատսանում էլ է այդպես ու միայն միամիտները կարող են անկեղծորեն համարել, որ ասենք Պուտինի սանիկ Սոբչակը, կամ էլ անատամ Յաբլոկոն, կամ էլ գրպանային Ժիրինովսկին ու Միրոնովը կարող են կատարել ինստիտուցիոնալ ընդդիմության դերակատարությունը։ Կոմկուսն էլ, որը, ի դեպ, պակաս գրպանային չէ, ևս սպառել է իր ռեսուրսը այս առումով, դրա համար էլ գնում են այսպիսի մասշտաբային ռեբրենդինգի։
Ռուսական Սասնա Ծռերի հավաքական մարմնավորումը Նավալնին է, իսկ ավելի կոնկրետ՝ այն ուժերը, որոնք կանգնած են նրա թիկունքում, ու ինչպես հայաստանյան ծռերի պարագայում, այնպես էլ Ռուսաստանում, այդ ուժերը հենց ներէլիտար են ու ռուսական քաղաքական տերմինաբանությունում սահմանվում են, որպես Կրեմլի աշտարակներից մեկ։ Նավալնին այս համակարգում պարզապես միջանկյալ օղակ է ու մեդիա դեմք, բայց սա առանձին քննարկման թեմա է։
Բուն թեման այն է, որ Գրուդինին պրոյեկտը կոչված է մինիմիզացնելու ռուսական ծռիզմի համալրումը՝ դժգոհ էլոկտրոատի հաշվին, իսկ դրա համար պետք է մի ընդդիմադիր միավոր, որը կգրավի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեծամասնությանը։ Հաշվի առնելով ռուսական հասարակության մենթալ սպեցիֆիկան ու վերջին տարիների զարգացումը, այդպիսի կերպարը չի կարող լինել արևմտամետ ու լիբերալ արժեքներ քարոզող, պետք է հենվի ռազմահայրենասիրական պաթոսի ու ձախակողմյան հայացքների փառաբանման վրա ու միևնույն ժամանակ, չհանդիսանա պուտինական համակարգի ակնհայտ սատարող։ Հենց վերջի կետի համար էլ իշխանատական լրատվամիջոցները անողոք արշավ են ձեռնարկել Գրուդինինի դեմ, որ ցույց տան չկողմնորոշված պրոտեստային էլեկտորատին, որ տեսե՛ք, մենք իրեն չենք սիրում, ատում ենք, կեղտոտ արշավ ենք տանում, այսինքն՝ ինքը մեր թշնամին է ու իսկական ընդդիմություն։
Արդյունքում, ստանում ենք փոխշահավետ գործարք, երբ Պուտինը կարողանում է հանգիստ վերարտադրվել ու հարաբերականորեն կայուն 5-ամյակ ունենալ, որի ընթացքում արդեն կսկսի կենտրոնանալ իր ժառանգի կերտման հարցում, Գրուդինինը դառնում է առաջատար քաղաքական ֆիգուր՝ առաջիկա մի քանի տարիների համար, Կոմկուսը լուծում է իր համար կենաց-մահու կարևորության հարց՝ չպարտվել Ժիրինովսկուն, մարգիալիզացված ծռիստական էլեմենտն էլ չի հզորանում այնքան, որ կառավարելիությունից դուրս գա։ Ահա այս ամենի իմաստը։
Կարծում եմ, որ ընտրությունները կավարտվեն Պուտինի հաղթանակով առաջին փուլում, բայց նա 50 տոկոսի շեմն աննշան կանցնի, իսկ երկրորդ տեղում կլինի Գրուդինինը՝ մոտ 20 տոկոսի կարգի ցուցանիշով»,- իր էջում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյան։