Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ցանկացած առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն. Ալինա Ավետիսյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ալինա Ավետիսյանը, ում գրեթե 15 տարի առաջ հանրությունը ավելի շատ ճանաչում էր որպես երգչուհի:

– Ալինա, նախ ուզում եմ հետաքրքրվել այս շրջանում ձեր զբաղվածության մասին:

-Այս պահին «US Armenia»-ով հեռարձակվում է նոր հաղորդաշար՝ «Ընտանեկան գատնիքներ» խորագրով, որտեղ ներկայացվում են տարբեր իրավիճակներ՝ մարդկանց կենցաղից: Այդ նախագծում ես էլ զբաղվածություն ունեմ:

– Երբ առաջարկ եք ստանում, ի՞նչն եք ամենաշատը կարևորում, ունե՞ք հստակ սկզբունքներ, որոնք ոչ մի դեպքում չեք խախտում:

– Ցանկացած կերպար մարմնավորելու առաջարկի դեպքում ինձ առաջնայինը հետաքրքրում է, որ բաց (էրոտիկ) տեսարաններ, թեկուզ չափի մեջ, չլինեն, որովհետև անտակտ արձագանքները կարող են վատ հետևանք ունենալ տաքարյուն բնավորությանս պատճառով:

– Ալինա, այսօր շատ դերասաններ ընդգծում են ֆինանսի մասին: Աշխատանքում այն Ձեզ համար ի՞նչ դեր ունի, և արդյոք գոհ եք այդ ոլորտի վարձատրությունից:

– Սովորաբար ասվում է, որ պրոյեկտին տրված է սեղմ բյուջե, փորձում եմ կոմպրոմիսի գնալ և հարմարվել, քանի որ սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ: Կարևորություն տալիս եմ ավելի շատ առաջարկվող կերպարի կոլորիտային լինելուն: Վերջիվերջո, բոլոր գումարներն էլ նույն կերպ են ծախսվում ու վերջանում: Ընդհանուր առմամբ, այո, գոհ եմ:

– Նկատել եմ, որ Ձեզ հիմնականում նույնօրինակ կերպարներում ենք տեսնում (կամ բացասական դեր, կամ դրական, բայց ուժեղ խառնվածքով կնոջ): Հետաքրքիր է` ինչպե՞ս դուք կմեկնաբանեք ռեժիսորների նման ընտրությունը:

– Եթե անկեղծ լինեմ, ապա ես էլ ունեմ նույն դժգոհությունը: Գուցե նման կերպարները, ինչպես դուք եք նկատել, համոզիչ են ստացվում ինձ մոտ, սակայն մեծ անհամբերությամբ սպասում եմ մի այնպիսի կերպարի, որը կհակասի մնացած նախորդներին

– Կա՞ կերպար, որը կցանկանայիք մարմնավորել, բայց դեռ առիթ չեք ունեցել:

– Ինչքան հաճելի է, երբ հնարավորություն է տրվում գոնե արտահայտել կարևոր ցանկությունները: Շնորհակալ եմ: Կցանկանայի աշխատել անձի երկվություն ունեցող կնոջ կերպարի վրա և միաժամանակ խաղայի երկու կերպար:

– Ալինա, հանրությունը Ձեզ ճանաչել է նախ երգչուհի, հետո նոր դերասանուհի: Ինչպե՞ս ստացվեց, որ տարիներ առաջ որոշեցիք Ձեզ դրսևորել նաև դերասանական արվեստում:

– Դեռ ուսանողական տարիներից և երգել եմ, և նկարահանվել, այն ժամանակ ավելի թեթև ու փորձնական հաղորդաշարերում, սքեչերում: Մասնագիտությամբ երաժշտական թատրոնի դերասանուհի եմ, սինթետիկ ժանր, որ հնարավորություն է ընձեռում դրսևորվել արվեստի տարբեր ժանրերում:

– Ի դեպ` երգչուհու կարիերան շարունակո՞ւմ եք: Ի՞նչ քայլեր են արվում այս ոլորտում:

– Այժմ էլ երգում եմ միջոցառումներում, ժամանցի վայրերում, բայց ֆինանսական սահմանափակ վիճակը թույլ չի տալիս եթերում շրջանառվել այնպես, ինչպես՝ մոտ 15 տարի առաջ:

– Եվ Ալինա, վերջում կցանկանամ խոսենք նաև Ձեր անձնական կյանքի մասին, քանի որ հանրությունը այդ իմաստով Ձեր մասին տեղեկություններ չունի: Կպատմե՞ք, թե ինչ իրավիճակ է տիրում այդ տիրույթում:

– Թանկագին հանրություն, անձնական տիրույթում ես բացարձակ երջանիկների շարքում եմ, ինչի համար ամեն լուսաբացս սկսվում է աղոթքով` առ Աստված:

life.panorama.am



Նման նյութեր