Մահացել է լեգենդար Նիվայի հայրը` Գեորգի Միրզոևը
Advertisement 1000 x 90

Մահացել է լեգենդար Նիվայի հայրը` Գեորգի Միրզոևը

Միրզոևը մեծ ներդրում է ունեցել խորհրդային և ռուսական ավտոարդյունաբերության զարգացման գործում։

«ԱվտոՎԱԶ»-ի նախկին գլխավոր կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը մահացել է 83 տարեկանում։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Տոլյատի» կայքը։

Հայրական կողմից հայկական արմատներով Միրզոևը ծնվել է Թբիլիսիում։ Հայրն ու պապն աշխատել են Թբիլիսիի վագոնանորոգման գործարանում։

Դպրոցն ավարտելուց հետո` 1951 թվականին, Գեորգին Մոսկվայի ավտոմեխանիկայի ինստիտուտ է ընդունվել, որտեղ էլ ավարտել է նաև ասպիրանտուրան։ Այնուհետև տեղափոխվել է Տոլյատի։

1976-1998 թթ. Այնտեղ նա զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ» գործարանի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը։ Հենց Գեորգի Միրզոևն է հայրենական առաջին ՎԱԶ-2108 ավտոմեքենայի ստեղծման նախաձեռնողը։

Նա մասնակցել է նաև մի շարք այլ ավտոմեքենաների`ՈւԱԶ-452-ի, ՈւԱԶ-469-ի, ՎԱԶ-2121-ի, Նիվայի, ՎԱԶ-2105-ի, նախագծման ու գործարկման աշխատանքներին։ Առանց այդ մեքենաների անհնար է պատկերացնել ԽՍՀՄ-ի և մասնավորապես Ռուսաստանի ավտոարդյունաբերությունը։

Միրզոևի գլխավոր ձեռքբերումներից է համարվում ՎԱԶ-2108-ը, որն այսօր հեղինակավոր մեքենա է դարձել, իսկ ժամանակին այդ մեքենայի գործարկմամբ մեկնարկեց հայրենական ավտոմոբիլային արտադրության նոր դարաշրջանը։ Իսկ հետո ստեղծվեցին ՎԱԶ-2110-ը, «Սամարա-2»-ը, ՕկաՎԱԶ-1111-ը, ՎԱԶ-2123-ը (ներկայիս` Chevrolet Niva), Կալինա ՎԱԶ-1119-ը ։

Վերջին տարիներին կոստրուկտորը զբաղվում էր վառելիքի այլընտրանքային տեսակներով շահագործվող ավտոմեքենաների ստեղծմամբ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Միրզոևը նաև ավտոմեքենայի տեսությանը և կառուցվածքին նվիրված մի քանի գիտական աշխատությունների հեղինակ է։

armeniasputnik.am