«Արսենալի» երկրպագուները խիստ հիասթափված են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղից: Մեր կիսապաշտպանի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շվեդական «Էսթերսունդի» դեմ ցուցադրած խաղը քննարկման լայն առարկա է դարձել «Թվիթեր»-ում: Այս մրցավեճում Մխիթարյանը ոչ մի հարված չէր կատարել դարպասին, իսկ նրա փոխանցումների ճշգրտությունը ընդամենը 63 տոկոս էր կազմել: Սա փոխանցումների առումով ամենացածր արդյունքն էր այս խաղում «Արսենալի» ֆուտբոլիստների շարքում:
«Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որին ես իսկապես ուզում էի սիրել: Բա ես մեծ հիասթափություն ապրեցի: Այսքան հիասթափված երբևէ չէի եղել: Մխիթարյանի բոլոր գործողությունները թափթփված էին և աննպատակ: Նրա փոխանցումները, դրիբլինգը, արագությունը խայտառակ մակարդակի էին: Ուղղակի ամոթ է»,- գրել է @JaydnMUFC-ը:
Մեկ այլ օգտատեր՝ @truck_puncher-ը, էլ չի համբերում, թե երբ է Մխիթարյանը տեղը զիջելու մեկ այլ ֆուտբոլիստի: «Միկին իրականում խաղում է հակառակորդ թիմի համար»,- գրել է @truck_puncher-ը:
«Ես հույս ունեի, որ Վենգերի գլխավորությամբ Մխիթարյանը կծաղկի, բայց… Սխալներն ու վրիպումները շատ են: Հնարավոր է, որ սա ժամանակավոր է, բայց ես ֆանատ եմ և պետք է արդյունք ակնկալեմ: Թող խաղա նա, ով այսօր Մխիթարյանից ավելի ուժեղ է»,- գրել է @RyanBaldiFW-ն: