Արդեն հայտնի է, որ Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին:
Ինչպես հայտնի է` նախքան արդյունքների հրապարակումն առավել քննարկվում էին Մհերի երգը, մասնավորապես այն, որ Մհերն իր երգն ամբողջությամբ կրկնօրինակել էր Queen խմբի «Who wants to live forever» երգից:
Համացանցային օգտատերից շատերը կատակում էին, որ Մհերին, հավանաբար, թվացել է, թե այդ երգը միայն ինքն է լսել: Ինչևէ, արդեն եվրատեսիլյան հայաստանյան պատվիրակի անունը հայտնի է, սակայն հարկ է նշել, որի Մհերի անվան շուրջ բարձրացված աղմուկն այնքան մեծ էր, որ այն ստվերել էր Սևակ Խանաղյանի «Քամի» երգի շուրջ ստեղծված քննարկումները: Համացանցային շատ օգտատերի պնդմամբ` այն նույնպես copy paste-ն է, սակայն ի տարբերություն Մհերի` գոնե արված էր բարեխղճորեն և ոչ համաշխարհային հայտնի երգից:
Ըստ կարծիքների` Սևակի «Քամի» երգը շատ նման է Սարոյի «Քանի» երգին, նույնիսկ որոշ օգտատերեր նշում են, որ Սևակին պետք է զգուշացնել, որ երգը «Քանի» էր, ոչ թե «Քամի», թեպետ շատ բան չի էլ փոխել: Հավելենք, որ Սարոն իր «Քանի» տեսահոլովակը ներկայացրել էր 2017 թվականի հունվարին:
Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեցինք Սարոյին` փորձելով հասկանալ` արդյո՞ք նմանություն տեսնում է իրենց երգերի միջև: Հարցը լսելուց հետո` Սարոն առանց որևէ բառ ասելու պարզապես անջատեց հեռախոսը: Հասկանալու համար` արդյո՞ք տեխնիկական խնդիր է, թե ոչ, նորից զանգահարեցինք, սակայն ապարդյուն` Սարոն այդպես էլ չպատասխանեց:
Որոշակի առումով նրա պահվածքը հասկանալի կլիներ, եթե հակառակ մեղադրանքը լիներ, թեպետ, միևնույն է, էթիկական նորմերը պահանջում են, որ հարցին պատասխանելու ցանկության բացակայության դեպքում պարզապես պետք է ասել դրա մասին և ոչ թե վարվել Սարոյի պես:
Ինչևէ, հուսանք, որ Սարոն ժամանակի ընթացքում կսովորի մարդկանց հետ շփվելու ձևերը, իսկ մինչ այդ առաջարկում ենք լսել երկու երգերը` հասկանալու համար` արդյո՞ք դրանք նման են միմյանց, թե` ոչ: