Արցախի զորամասերից մեկում երկու տարի առաջ մարզումների անցկացման ժամանակ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի հայրն իր որդու մահվան մեջ մեղադրվող սպայի համար պահանջում է խիստ պատիժ: Այսօր՝ փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում Գարուշ Գրիգորյանը նշեց, որ դժգոհ է և նախաքննությունից, և դատաքննությունից, նրա խոսքով, ամեն ինչ արվել է, որպեսզի ամենամեղմ պատժին արժանանա Վարուժան Բալայանը, քանի որ դատախազը նրա համար պահանջել է ընդամենը 8 տարի ազատազրկում:
«Նախաքննությունն ավարտվեց, գործը գնաց դատարան, բայց այդպես էլ տղայիս մահվան պատճառը պարզ չեղավ: Ինքնաձիգի վրա չկան մատնահետքեր, քննություն չի կատարվել… Վարուժան Բալայանը ոչ միայն իմ երեխուն, այլ բոլորին նվաստացրել է, ծեծել է, զորամասում լեյտենանտն ինչ ուզել արել է, բայց ոչ ոք չի տեսե՞լ: Դատարանում ներողություն է խնդրել, մեղադրանքն ընդունել է և դատախազն էլ նրա համար ընդամենը 8 տարի է պահանջել, այն դեպքում, երբ իրեն առաջադրված մեղադրանքով 12 տարի է հասնում: Այսինքն, կարող է դատավորն էլ 7 կամ 6 տարի տա, մի քանի տարի անց էլ դուրս գա: Մեր երկրում հավ, ոչխար գողանալու համար 5-6 տարի են տալիս, հայ զինվորին սպանողին՝ 8 տարի: Մեր երեխաները սահմանին թշնամու դեմ պետք է պայքարեն, թե՞ ներքին թշնամու»,-ասաց Գարուշ Գրիգորյանը:
Նրա խոսքով, Հրանտը մարզումների ժամանակ վատ է զգացել, նա չի կարողացել մյուսների հետ շարունակել վարժանքը և ուշագնաց է եղել: Հրամանատարը՝ Վարուժան Բալայանը, ըստ պաշտոնական վարկածի, նրան այդ վիճակում թողել և գնացել է, իսկ վերադառնալիս նրան մահացած են հայտնաբերել. «Երեխան վատ է զգացել, ռազմական կրթություն չունեցող սպան երեխային վատ վիճակում է թողել՝ ուշագնաց, անօգնական դաշտի մեջ: Զենքը Հրանտի մոտ է եղել, վերադառնալիս տեսել են, իբր Հրանտն ինքն իրեն է խփել: Բայց չեն ապացուցում՝ ոնց, ամեն ինչը եթեներով ա…»
Դատաքննական ցուցմունքներում դեպքին ականատես զինծառայողները գործի վերաբերյալ էական հանգամանքներ չեն հայտնել. Գարուշ Գրիգորյանի խոսքով, նրանք կաշկանդված և վախեցած են եղել. «Դատարանում վկա զինվորները մոռացկոտ են, ասում են՝ ոչինչ չեն հիշում, ինչ ցուցմունք որ տվել են, այդպես է եղել: Բայց նրանք ցուցմունք են տվել, որ երբ եկել Հրանտին մահացած են գտել, զենքը նրանից 5-6 մետր հեռավորության վրա է եղել, իսկ քննությունով, նկարներով՝ ձեռքի մեջ: Վարուժան Բալայանն էլ, իրականում, զինվորների հետ ոչ թե շարունակել է ճանապարհը, այլ մնացել է Հրանտի հետ: Զինվորներին հարցնում են՝ սպան ձեզ հե՞տ էր, ասում են՝ այո, բայց հարցնում են ի՞նչ էր անում՝ ասում են՝ չեն հիշում: Այսինքն, երեք ամիս անց մոռացել են ամեն ինչ, բան չեն հիշում: Իրականում, նա նրանց հետ չի եղել, եղել է Հրանտի հետ և նա էլ կրակել է Հրանտին: Հակառակ դեպքում, ինչու՞ է դեպքից հետո փախած եղել, մեկ օր հետո են գտել, ձերբակալել, եթե մեղավոր չէ՝ ինչի՞ց է փախել: Զինվորներին ինքն է ստիպել այդպես ասել»:
Մահացած զինծառայողի հոր պնդմամբ, տղան մինչև բանակ զորակոչվելը առողջական խնդիր է ունեցել՝ ողնաշարի ծռում, որը զորակոչային հանձնաժողովը ևս հաստատել է և նշել՝ ծառայություն սահմանափակումներով. «Բայց տղաս եղել է նռնակաձիգ, որը ավելորդ քաշ է և նրան հակացուցված է եղել, սա կոչվում է ծառայություն սահմանափակումներո՞վ: Երբ դատական պրոցեսն սկսվեց, ասում էի՝ դա ևս պատճառ է, ինչո՞ւ չեք քննում դա, ասում են՝ առանձին գործ է: Այսինքն, 2 տարի իմ տղայի մահվան գործով դատավարությունն ընթանում է, այն ավարտվելուց հետո մի հատ էլ է սկսվելու: Ամբողջ կյանքս այս ցավի մեջ դատական պրոցեսներով եմ անցնելու…»:
Գարուշ Գրիգորյանը նշեց, որ որդու մահվան գործով դատավճիռը հրապարակվելու է մարտի 13-ին և, եթե դատարանը Վարուժան Բալայանի նկատմամբ մեղմ պատիժ կիրառի, հասնելու է մինչև ՄԻԵԴ:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վարուժան Բալայանը: Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:
Վարուժան Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում. ապրում են վարձով: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: