Սումգայիթյան ողբերգությունն` ադրբեջանցիների վկայություններում. ներկայացվեց «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը
Advertisement 1000 x 90

Սումգայիթյան ողբերգությունն` ադրբեջանցիների վկայություններում. ներկայացվեց «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է երկու նոր նախագիծ: Հանրությանն են ներկայացվում «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը և «Սումգայիթ. սպանված սերունդ» ֆիլմը:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Սումգայիթի թեման իրենց աշխատանքի գլխավոր ուղղություններից է: Այս տարիներին նա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում է արխիվի ստեղծումը: Հաջողվել է հավաքագրել շատ նյութեր, դրանք թվայնացնել` հետագայում օգտագործելով տարբեր աշխատանքներում:

«Այս երկու նոր աշխատանքները մի փոքր այլ տեսանկյունից են հայացք նետում Սումգայիթի ցեղասպանությանը: Այս «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքը յուրահատուկ աշխատանք է: Մենք ներկայացնում ենք սումգայիթյան ողբերգությունը ադրբեջանցիների աչքերով, մարդիկ, ովքեր այդ ամենը տեսել են և հետագայում այդ ամենը ներկայացրել են իրենց ցուցմունքներում, վկայություններում քննչական և դատական գործընթացների ժամանակ»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

Նա կարևոր համարեց այն հանգամանքը, որ հենց ադրբեջանցիների շուրթերով հաստատվում են այն իրողությունները, ըստ որոնց, սումգայիթյան ողբերգությունը կազմակերպված և իրականացված է եղել Ադրբեջանի ղեկավարության կողմից:

«Հետագայում պատժվել է կատարողների մի մասը միայն և չեն բացահայտվել այդ հանցագործության իրական կազմակերպիչները: Դատական գործընթացների ժամանակ հենց ադրբեջանցիները վկայում էին, որ այդ գործողություններն ուղղված են եղել բացառապես հայերի դեմ, մարդիկ պարզ ասում են` փնտրում էին հենց հայերին, սպանում էին հենց նրանց, ջարդարարների ձեռքին կային հայերի բնակարանների ցուցակը, նրանք զինված են եղել սառը զենքով: Բաքվից իջեցված ցուցումներից հետո փորձ է արվել վերացնել դաժան սպանությունների հետևանքները, շուտափույթ ոչնչացվում էին իրեղեն ապացույցները»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Նրա խոսքով, ադրբեջանցիները վկայում են` Սումգայիթում եղել է ավելի շատ զոհ, քան ներկայացվել են պաշտոնական տվյալներով: Ըստ Մարինա Գրիգորյանի` խոսքը մի քանի հարյուրի մասին է:

«Այստեղ չկա ոչ մի քարոզչական խոսք, չկան հնարքներ, որոնք շատ են սիրում մեր հարևանները: Այս գիրքը բացառապես կազմվել է դատական, քննչական նյութերի հիման վրա: Սումգայիթյան դեպքերով պայմանավորված՝ 10-ից ավելի դատական գործ է եղել, սակայն մեր տրամադրության տակ ունենք դրանցից 3-ի նյութերը»,-ասաց Մարինա Գրիգորյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, խոսելով «Սումգայիթ. սպանված սերունդ» ֆիլմի մասին, նշեց, որ խորագրում առկա բառերում երկու իմաստ են դրել:

«Երկու իմաստ ենք դնում այս խոսքերի մեջ: Նախ նկատի ենք ունեցել եղած հայ զոհերին, երկրորդ` այն ադրբեջանցի երիտասարդ, պատանի տղաներին ու աղջիկներին, որոնք ներգրավված են եղել այդ գործողություններում: Կադրերը խոսում են այն մասին, որ նրանք ընդգրկվել են սարսափազդու հանցագործություններում: Կադրերում կտեսնեք, որ առջևում նույնիսկ երեխաներ են վազում: Գործողություններն արվել են ցուցադրաբար, բոլորի աչքի առաջ: Մենք ընդգծում ենք այն մեթոդները, ձևերը, որով դաստիարակվում է սերունդը, որը պատրաստ է նույնը կրկնելու: Այդ մարդիկ այսօր Ադրբեջանում են, ու մնացել են անպատիժ»,-ասաց Լարիսա Ալավերդյանն` ընդգծելով, որ ֆիլմը ցեղասպանության կանխարգելման մասին է: Այն իր մեջ պարունակում է զգոն լինելու կոչ: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ հարևան Ադրբեջանն այսօր էլ պատրաստվում է նման գործողությունների: Այդ երկրի նախագահն ասում է, որ ռազմավարական նպատակը Երևանի և մնացած հայկական տարածքների զավթումն է:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ շատ կազմակերպիչներ անպատիժ են, և, ադրբեջանցիների խոսքերով, նրանցից ոմանք գտնվում են միլի մեջլիսում:

«Նրանց նկատմամբ չի սկսվել քրեական հետապնդում: Ես համոզված եմ, որ այդ աշխատանքը պետք է սկսեն և ավարտին հասցնեն հայկական իրավապահ մարմինները: Անհրաժեշտ է, որ հայտարարվի միջազգային հետախուզում»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Նա կոչ արեց, որ փետրվարի 28-ին հայկական բոլոր հաստատություններում մեկ րոպե լռությամբ հարգվի անմեղ զոհերի հիշատակը:



Նման նյութեր