Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է լքել «Ելք» դաշինքը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ նման բամբասանքներին ընդհանրապես պետք չէ տրվել: «Ես ընդհանրապես չեմ պատկերացնում «Ելք» դաշինքն առանց մեզ, և ընդհանրապես այն չի էլ կարող լինել առանց մեզ: Էդմոն Մարուքյանը դաշինքի երեք քաղաքական ուժերի վարչությունների կողմից ընտրված առաջին համարն է եղել դաշինքի ընտրական ցուցակում: Ես եմ գլխավորել դաշինքի ցուցակը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դաշինքի անդամ քաղաքական ուժերից մեկն է, և առանց մեզ չկա «Ելք» դաշինք»,- նշեց Մարուքյանը:
Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե դաշինքում տարաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեթոդների հարցում, Մարուքյանն ընդգծեց, որ դաշինքում կա կոնսենսուս այն հարցում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը իրենց համար անընդունելի է, իսկ դրա դեմ պայքարի հարցում դաշինքում քննարկումներ են ընթանում: «Մեր դաշինքում միշտ էլ տարբեր հարցերի վերաբերյալ թեժ բանավեճեր են լինում, որոնց արդյունքում կայացվում են կոնսենսուսով որոշումներ: Հիմա օրակարգային հարցեր կան, որոնց վերաբերյալ ունենք քննարկումներ: Երբ կունենանք որոշում, կհայտարարենք»,- ասաց նա:
Հարցին, թե պայքարի մեթոդների հարցում դաշինքում տարաձայնություններ կա՞ն, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, թե կա քննարկում և բանավեճ, որի վերջում պետք է գան ինչ-որ եզրահանգման: «Ես չեմ կարող քննարկման թեմաները դուրս հանել առանց իմ գործընկերների հետ քննարկելու: Բնականաբար, տարբեր կարծիքներ կան, իսկ հիմնական մտահոգությունը այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց»,- մանրամասնեց Մարուքյանը: