Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել, թե ովքեր են շոու բիզնեսի 3 ամենաոճային կանայք և տղամարդիկ` ըստ հակառակ սեռի ներկայացուցիչների։ Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ։ Վերջինս մեծ դժվարությամբ առանձնացրեց իր եռյակը, սակայն դա բացատրեց այն հանգամանքով, որ քիչ է մասնակցում երեկույթների և չի տեսնում` ով ինչպես է ներկայացել այս կամ այն խնջույքին։
Շողերը շատ է կարևորում տղամարդու կազմվածքը։ Տղամարդու ոճային լինելու գլխավոր նախապայմանը սպորտով զբաղվելն ու գեղեցիկ կազմվածք ունենալն է։ «Հայ տղամարդկանց 80 տոկոսը փոր ունի, ինչը տգեղացնում է յուրաքանչյուր հագուստ։ Դեմքը կարող է շատ գեղեցիկ չլինել, բայց լինի հմայիչ, «իզյումինկա» ունենա իր մեջ։ Տղամարդը պետք է ոչ թե գեղեցիկ լինի, այլ գրավիչ»,– նկատեց Շողերն ու հավելեց, որ ինչ վերաբերում է ոճային լինելուն` առաջին հերթին կարևոր է, թե մարդն ինչպես է զգում ոճը։ Նա վստահ է, որ ոճաբանների հետ աշխատելը չի փրկի մարդուն, քանի որ շատ կարևոր է ոճի զգացողությունը։ «Պետք է նաև լավ տիրապետես գունային համադրությանը։ Պետք է ինքդ քեզ վրա աշխատես ու ունենաս վառ երևակայություն։ Պարտադիր չէ հագնել թանկարժեք հագուստ, ուղղակի կարող ես հետաքրքիր համադրել»,– նշեց նա։
Արամ MP3-ը լավ կառուցվածք ունի, բարձր հասակ։ Ինքն ունի ճաշակի զգացողություն և կարողանում է ճիշտ համադրել, զգալ հագուստը։
Արման Նշանյանը կրեատիվ է հագնվում, ժիլետներ ջինսեր, ամերիկյան ոճի կիսաճտքավոր կոշիկներ (կազաչոկներ) է համադրում։ Երկար սանրվածքն էլ է գեղեցիկ նայվում։ Ոչ հայկական կերպար է։
Գրիշա Աղախանյանն ամուսինս է, բայց իրեն առանձնացրել եմ, որովհետև, լինելով 50 տարեկան, շատ կրեատիվ կիսագուլպաներ է համադրում կոշիկների գույների հետ, ինչն ինձ դուր է գալիս։ Տարիքը կարևոր չէ, պետք է ամեն տարիքում կրեատիվ լինել։ Նա շատ տարբեր է հագնվում` բուռն գույների համադրություն է։)