Ֆրանսիայում պաշտոնյաները քնելու են փողոցում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն անօթևանների վիճակը
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում պաշտոնյաները քնելու են փողոցում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն անօթևանների վիճակը

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթևանների վրա: Այս նախաձեռնությամբ Facebook-ի իր էջում հանդես է եկել Էսոնի դեպարտամենտի Էտամպ կոմունայի փոխքաղաքագլուխ Մամա Սին:

«Անցյալ տարի գրեթե 500 մարդ, որոնք ծածկ չունեին գլխներին, մահացել են փողոցներում… 2018 թվականին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում արդեն 13 մարդ է մահացել միայն Փարիզում: Ժողովրդի շուրջ 50 ընտրյալներ լույս փետրվարի 28-ի գիշերը քնելու են փողոցում, Աուստերլիցի կայարանի մերձակայքում»,- գրել է Սին:

Փետրվարի կեսերին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Համերաշխության գիշեր», որի ժամանակ անցկացվել է անօթևան մարդկանց հաշվառում: Ակցիայի կազմակերպիչների տվյալներով՝ Փարիզի փողոցներում ապրում է շուրջ 5 հազար անօթևան, որոնց մի մասը ձմռանը տեղավորվում է հատուկ ապաստաններում:

Այնուամենայնիվ, գրեթե 3 հազար մարդ գլխին ծածկ չունի, նույնիսկ ժամանակավոր: Փետրվարի 27-ը Ֆրանսիայում ամենացուրտ օրն է դարձել ամբողջ ձմեռվա ընթացքում: Անտիցիկլոնը, որը տեղական ԶԼՄ-ները անվանել են «Մոսկվա-Փարիզ ֆենոմեն», ցուրտ եղանակ է պահպանում անցած շաբաթվա վերջից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Նման նյութեր