Ամուսնության մասին մտածում եմ, բայց ամեն բան ունի իր ժամանակը. Լիկա Սալմանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամուսնության մասին մտածում եմ, բայց ամեն բան ունի իր ժամանակը. Լիկա Սալմանյան. life.panorama.am

Դերասանուհի Լիկա Սալմանյանը օրերս նշել է 22-րդ տարեդարձը, որի առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ:

«Տարեդարձս երկու վայրում եմ նշել, առաջինը իմ գեղեցկության սրահում`մեր աշխատակազմի հետ, դե իսկ երեկոյան արդեն սիրելիիս հետ եմ անցկացրել` երևանյան ռեստորաններից մեկում: Հրաշալի օր եմ ունեցել, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե ինչ անակնկալներ է ստացել դերասանուհին, պատասխանեց.

«Նվերներ շատ եմ ստացել, բայց այս պահին դրանք նշել չեմ ուզում: Իհարկե, սիրելիս ևս, ինչպես միշտ, իր ոճում էր, և հետաքրքիր ու հաճելի անակնկալ էր ինձ համար պատրաստել, բայց այդ մասին ևս մանրամասներ հայտնել չեմ ուզում»:

Խոսելով տարիքային առանձնահատկության մասին` Լիկա Սալմանյանը նկատեց, որ իր կյանքում առաջին անգամ մտածել է մեծանալու մասին:

«Գիտեք, ողջ ծննդյանս օրվա ընթացքում մտածում էի այդ մասին: 21 տարեկանը մի տեսակ փոքր էր ինձ թվում, բայց այ 22-ը արդեն մեծ աղջկա մասին է խոսում: Դեռևս նոր տարիքիս հետ չեմ հարմարվում, առաջին տարին է, որ նման զգացողություն ունեմ տարիքային թվի փոփոխության հետ»,- ասաց Լիկան ու ավելացրեց.

«Այս տարիքում ձգտում եմ ավելի կատարելագործվել իմ աշխատանքում, ընդլայնել բիզնեսս: Նպատակներս շատ են, հուսամ դրանք կիրականանան»:

Դերասանուհին իր կյանքի լավագույն ձեռքբերումների և թերացումների մասին պատմելիս` նշեց.

«Չասեմ, որ բիզնեսն իմ կյանքի լավագույն ձեռքբերումն է, բայց գլխավորներից է, որն ինձ հնարավորթյուն է տալիս ավելի հստակ քայլեր անել, ավելի պատասխանատու և գիտակից դառնալ, որոշումներ կայացնելուց առաջ էլ երկար մտածել: Ձեռքբերումներիցս է նաև սիրելիս, ով հայտվեց իմ կյանքում, նաև այն մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում դարձան իմ կյանքի մի մասնիկը: Ինչ վերաբերվում է թերացումներին, որպես այդպիսին նշել չեմ կարող: Միանշանակ, թերացումներ բոլորի կյանքում էլ լինում են, բայց հարցը լսելիս, առաջինը մտածեցի ձեռքբերումների մասին, այլ ոչ թե թերացումների»:

Հետաքրքրվելով, թե Լիկան և սիրելին` Աշոտ Սարգսյանը, դեռ չե՞ն մտածում ամուսնության մասին, դերասանուհին նկատեց.

«Ինչու ոչ, ամուսնության մասին ևս մտածում եմ, բայց ամեն բան ունի իր ժամանակը: Չես կարող որոշել ու ընտանիք կազմել: Ինձ համար ընտանիքի գաղափարը չափազանց կարևոր է և մեծ արժեք ունի: Ուստի այդ հարցին շատ լուրջ եմ վերաբերվում, այդ պատճառով ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել. Աստված է որոշում` մեր կյանքում իրադարձությունները, երբ կատարվեն»:

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք նաև, թե ինչու է վերջին շրջանում Լիկա Սալմանյանը բավականին քիչ նկարահանվում.

«Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր գրեթե ցանկացած նախագծում կան բաց տեսարաններ, որոնցում ես կատեգորիկ չեմ նկարահանվում: Առաջարկներ ունենում եմ, սակայն մերժում եմ միայն այդ պատճառով: Ամեն դեպքում, հուսամ, որ հրավերներ կունենամ, որտեղ չեն լինի նման տեսարաններ ու ես էլ սիրով կհամաձայնեմ նկարահանվել»,- ավարտեց նա:

life.panorama.am



Նման նյութեր