Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի հայրը պատմել է աղջկա ազգանվան պատմությունը:
«Եվգենիայի ազգանվան փոփոխությունը կայացել է բացառապես իմ համաձայնությամբ: Եվ այդ պահի դրությամբ դա լավագույն միջոցն էր: Կարիք չկա ինչ-որ պատմություններ և պատճառներ փնտրել դրա մեջ: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի մեկընդմիշտ փակել այս թեման»,– Եվգենիա Մեդվեդևայի հոր` Արման Բաբասյանի խոսքը մեջ է բերում MK.ru-ն:
Բաբասյանը փաստել է նաև, որ բաժանումից հետո ինքը պահպանել է ընկերական փոխհարաբերությունները Եվգենիայի մոր` Ժաննայի հետ: «Որպես Եվգենիայի ծնողներ՝ մենք միշտ էլ շփվել ենք: Կցանկանայի ասել, որ Ժաննան հրաշալի մայր է»,- ասել է նա:
Եվգենիա Մեդվեդևան 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է, 2016, 2017 թվականների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոն: