Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում վաղը Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» կմրցի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ընդամենը երեք օր առաջ այս թիմերը միմյանց հետ մրցել էին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում: Հերթական անգամ ցուցադրելով թույլ խաղ «Արսենալը» զիջել էր խոշոր 3:0 հաշվով: Լոնդոնյան թիմի երկրպագուները հույս ունեն, որ սեփական հարկի տակ «Արսենալը» ռևանշի կհասնի:
Հիշեցնենք, որ տիտղոսային մրցավեճին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցել, քանզի այս մրցաշարին մասնակցել էր մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Արսենալի» պարտությունից հետո, որոշ մեկնաբանները կարծիք հայտնեցին, որ Մխիթարյանի գավաթային մրցավեճին մասնակցելու դեպքում կարող էր բոլորովին այլ պատկեր լինել: Մասնավորապես, հնչում են մտքեր, որ «Արսենալի» կենտրոնական հարձակվող Օբամեյանգին չհաջողվեց դրսևորվել առանց Մխիթարյանի: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլի կարծիքով էլ, Հայաստանի ազգային ավագը չէր կարող եղանակ ստեղծել «Մանչեսթեր Սիթիի» խաղում: «Մխիթարյանը «Արսենալի» ֆուտբոլիստների պես թույլիկ է: Ունակ չէ մտնել հանդերձարան և թիմին տանել իր հետևից»,-ասել էր Նևիլը: Մխիթարյանի շուրջ ծավալված քննարկումները կարծում ենք տրամաբանական ավարտ կունենան վաղը կայանալիք մրցավեճից հետո: Հայ ֆուտբոլիստի դերն իրականում մեծ է ռեանշի խաղում: Նա ունի հնարավորություն ապացուցելու, որ իր հասեցին հնչած քննադատություններն այնքան էլ տեղին չեն:
Բրտիանացի փորձագետների հիմնական մասը վստահ է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ կխաղա խաղի առաջին րոպեից: Մասնավորապես սպասվում է, որ «Արսենալը» կրկին կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Կոլաշինացը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ուիլշերը: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Ուելբեքը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը: Մոտավորապես այս մարտավարությամբ «Արսենալը» փետրվարի 3-ին 5:1 հաշվով առավելության էր հասել «Էվերթոնի» նկատմամ: «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման համեմատ Վենգերը ստիպված կլինի մի քանի փոփոխություններ կատարել: Մասնավորապես, խաղադաշտում չի լինի ձախ եզրային պաշտպան Նաչո Մոնրեալը, որը Լիգայի գավաթի եզրափակում արդեն 25-րդ րոպեին վնասվածք ստացավ և լքեց դաշտը: Մկանային խնդիրներ ունի նաև կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որը ևս փոխարինվել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում:
Նշենք, որ գավաթային խաղում խիստ անհաջող էր ելույթ ունեցել Օբամեյանգը: Հանդիպման սկզբնամասում գաբոնցի հարձակվողը 3-4 մետր հեռավարությունից երկու անգամ չէր կարողացել գրավել մրցակցի դարպասը և առաջ մղել իր թիմին: Եթե կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը վնասվածք չունենար կարծում ենք վաղը Վենգերը հենց նրան կվստահեր կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը սակայն մոտ 6 շաբաթով շարքից դուրս է եկել: Վենգերի տրամադրության տակ գտնվող Իվոբին ու Ուելբեքը այնքան էլ հաջող չեն խաղում կենտրոնական հարձակվողի դիրքում, ուստի ֆրանսիացի մասնագետը ստիպված կլինի կրկին անգամ մեկնարկային կազմում ընդգրկել Օբամեյանգին:
Վերջին օրերին Արսեն Վենգերը խիստ քննադատության է ենթարկվում երկրապագուների կողմից: Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Արսենալի» ղեկավարությունը արդեն իսկ կողմնորոշվել է նոր գլախավոր մարզչի թեկնածուների հարցում: Ըստ The Telegraph-ի «Արսենալը» գլխավորել ցանկացող հիմնական թեկնածուներից են «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերը, որն այժմ գլխավորում է «Սելթիկը», «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, որը Պեպ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթիում», ինչպես նաև «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը: Հիշեցնենք, որ վերջին երկու խաղում «Արսենալը» պարտվել է:
«Մանչեսթեր Սիթիի» հանդիպումից առաջ լոնդոնյան ակումբը սեփական հարկի Եվրոպա լիգայի խաղարկության պատասխան խաղում 1:2 հաշվով զիջել էր կարգով բավական ցածր շվեդական «Էսթերսունդին»: Այս մրցավեճում անհաջող էր ելույթ ունեցել նաև Մխիթարյանը: Հուսանք, որ վաղը Օզիլի և Օբամեյանգի ներկայությունը հայ կիսապաշտպանին կստիպի ավելի հաջող խաղալ: Բուքմեյքերները առաջիկա խաղում ֆավորիտ են համարում «Մանչեսթեր Սիթիին» վերջինի հաղթանակի համար սահմանելով 1․78 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3․7, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 4․27 գործակցով:
«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: