Հայաստանի և Վրաստանի վարչապետները բանակցություններից դուրս են եկել լավ տրամադրությամբ, որոնց ընթացքում ուրվագծվել են հետագա քայլերը: Այդ մասին Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին, դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել, որպեսզի երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվանան: «Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել և՛ տետ ա տետ, և՛ պատվիրակությունների հետ համատեղ բանակցություններից: Ռեալ ընդգծել ենք, ուրվագծել՝ ուր ենք շարժվելու, և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակ ունեն մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի ֆիքսել ենք տնտեսական հարաբերություններում բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է»,- ասաց ՀՀ վարչապետը: