Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել: Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ:
Այժմ երեխայի վիճակը լավ է, նա ինքնուրույն շնչում է, սնվում և ժպտում բաժանմունք մտած յուրաքանչյուր այցելուի:
Թե՛ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, թե՛ «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բ. Բավեյանը հատուկ խնամք են ցուցաբերում փոքրիկի հանդեպ:
Նրանք ոչ միայն հավատարիմ են մնում Հիպոկրատին տված երդմանը, այլ ավելին՝ ապացուցում են իրենց մարդկային բարձր հատկանիշները: Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն: