Վերաքննիչ դատարանը քննում է շտապօգնության 59-ամյա բժշկի գործով մեղադրողի բողոքը:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ շտապօգնության բժիշկը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման, բժշկական գործունեության իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել 2 տարի փորձաշրջանի ժամկետով: Մեղադրողը վերաքննիչ դատարանից խնդրել է բժշկի նկատմամբ նշանակել հիմնական պատիժ` ազատազրկում 2 տարի ժամանակով՝ առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու:
Ջերմուկի առողջության կենտրոնի 59-ամյա մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ դատական ակտի՝ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ բժիշկն աշխատել է՝ որպես Ջերմուկի առողջության կենտրոն ընկերության շտապ օգնության բժիշկ, և ըստ գրաֆիկի՝ դեպքի օրը եղել է շտապ օգնության հերթապահ բժիշկը:
Տուժողը կենդանության օրոք առողջության հետ կապված որևէ լուրջ խնդիրներ չի ունեցել և աշխատել է՝ որպես վարորդ: Աշխատանք չլինելու պատճառով նա տանն է եղել, և այդ մի քանի օրը գանգատներ է ունեցել թիկունքի շրջանի ցավերից` ծակոցներ են եղել, ինչի համար էլ որդիները նրան պետք է տանեին բժշկական հետազոտման: Սակայն նախորդ օրը լոգանք ընդունելուց հետո նրա մոտ կրկնվել են թիկունքի շրջանի նույնատիպ ցավերը, ինչն էլ ընտանիքի անդամներին անհանգստացրել է, և նրան ԷՍԳ հետազոտման համար շտապ օգնություն են կանչել:
Քիչ անց ժամանել են շտապ օգնության բժիշկը ու բուժքույրը: Ըստ դատական ակտի՝ բժիշկը լսել է հիվանդի գանգատները և անամնեզ հավաքելիս նրանից տեղեկացել, որ սրտի շրջանի սուր ցավերն անհանգստացնում են իրեն, և ցանկանում է ԷՍԳ հետազոտության ենթարկվի: Բժշկի ցուցումով բուժքույրը նախ՝ չափել է հիվանդի ճնշումը, որը սահմանվածից բարձր է եղել, առանց էլեկտրասրտագրություն կատարելու, որից հետո միայն հնարավոր կլիներ ըստ ցուցումների գնահատել դեղորայքային ներարկում կատարելու անհրաժեշտությունը, որպես տվյալ կանչի պատասխանատու՝ բուժքույրին ցուցում է տվել դեղորայքային ներարկում կատարել:
Այդ պահին սենյակում գտնվող տուժողի ընտանիքի անդամները բժշկին հայտնել են հիվանդի դեղորայքային ալերգիա ունենալու մասին, նույնիսկ հիվանդն ինքն է հրաժարվել ներարկվելուց՝ բուժքրոջն ասելով՝ «մի կողմ գցիր, ինձ մի սրսկիր, հեռու տար ներարկիչը», իսկ մյուս որդին առաջարկել է դեղորայքի փորձարկում կատարել, սակայն բուժքույրը չի ընդունել նրա առաջարկը՝ պատճառաբանելով, որ ներարկվող դեղորայքն անտիբիոտիկ չէ: Բժիշկն էլ իր հերթին՝ ուշադրություն չդարձնելով նրանց զգուշացումներին, անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, անտեսելով հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը, որի պայմաններում հակացուցված է եղել ներարկում կատարելը, հիվանդին շտապ բուժօգնության ընթացքում բուժքրոջը դարձյալ ոչ իրավաչափ ցուցում է տվել՝ կատարել ներարկում:
Բուժքույրը, ըստ բժշկի ցուցումի՝ մի քանի դեղերի կոմբինացված միջմկանային ներարկում է կատարել այն դեպքում, որ նշված դեղորայքներն իրենց համակցությամբ մեկ ներարկիչով ներարկելն այնքան էլ ցանկալի չի եղել: Այդ ներարկումից վայրկյաններ անց տուժողը հայտնվել է շոկային վիճակում և կորցրել գիտակցությունը:
Ըստ դատական ակտի՝ նույն պահին սենյակ են մտել նրա որդիներն ու արհեստական շնչառություն տալով՝ փորձել են ուշքի բերել ու շոկից հանել իրենց հորը: Միևնույն ժամանակ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ հիվանդի մոտ շոկային վիճակ առաջացնելուց հետո և նրան այդ վիճակից դուրս բերելուն ու նրա կյանքը փրկելուն ուղղված միջոցառումներ իրականացնելիս, բժիշկը կրկին դրսևորել է անփույթ վերաբերմունք, այս դեպքում էլ է ձեռնարկել ոչ ճիշտ ու ոչ լիարժեք միջոցառումներ:
Այն է՝ նախապես տեղեկացված լինելով հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքի մասին և գնահատելով անաֆիլակտիկ շոկի առաջացման հնարավորությունը, խախտելով առողջապահության նախարարի հրամանի պահանջները, առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում. կոտորակային ձևով դեղաչափը մինչև դրական արդյունքի հասնելը բարձրացնելու փոխարեն (մի քանի մլ-ից՝ մինչև 2-3 մլ) ցուցում է տվել կատարելու 1.0 մլ դեքսամետազոն, 1.0 մլ սուպրաստին և 1.0 մլ ադրենալինի ներարկում, ապա՝ դեքսամետազոն 1.0 մլ, ինչը բուժքրոջ կողմից կատարվել է: Այդ ներարկումից հետո տուժողը մեկ ակնթարթ գիտակցության է եկել, խորը շնչել և վայրկաններ անց կրկին կորցրել է գիտակցությունը:
Ներարկումներից հետո առաջացած շոկի հետևանքով հիվանդը մահացել է:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել, դատական քննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հայտարարել է, որ ինքը հիվանդից չի հարցրել դեղորայքային ալերգիայի մասին, ինչը պարտավոր էր անել:
Խնդրել է հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը, որի ընթացքում ևս հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն ցուցմունք է տվել այն մասին, որ որպես շտապ օգնության բժիշկ՝ տուժողին բուժօգնություն ցուցաբերելիս՝ իր կողմից ձեռնարկված միջոցառումները համապատասխանել են հիվանդի վիճակին և եղել են ճիշտ: