Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այս օրերին Հայաստանում է:
42-ամյա մարզիկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչու է որոշել վերսկսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, ինչ ծրագրեր ունի Հայաստանում և ինչպես է ցանկանում օգտակար լինել հայ բռնցքամարտիկներին:
«Կարիերաս, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին, բայց մարտ ամսին առաջարկ ստացա Ռուսաստանից` մենամարտ անցկացնելու աշխարհի ներկայիս չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնվեցի անցկացնել այդ մենամարտը, քանի որ նա աշխարհի գոտի ուներ: Ես չեմպիոնական 9 գոտի ունեմ, և ցանկացա մենամարտել նաև 10-րդի համար:
3 շաբաթվա ընթացքում մեկ մենամարտ անցկացրի, որը բավականին լավ ստացվեց: Այդ մենամարտի տեսագրությունն ուղարկեցի Մոսկվա, նայեցին ու պետք է պատասխան տային, բայց մինչև հիմա լռում են: Ասում են, որ Գրադովիչի հետ մենամարտը կկայանա: Սպասում եմ»,- իր խոսքում նշեց Վիկ Դարչինյանը:
Վիկ Դարչինյանը, հիշեցնենք, Ավստրալիայում կայացած այդ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թայլանդացի Մանոտ Կոմպուտին, իսկ Գրադովիչի հետ մենամարտը պետք է կայանար անցած տարվա սեպտեմբերին:
«Կարիերաս ավարտելուց հետո առաջարկեցին մենամարտել, մտածելով, որ իրենց համար հեշտ կլինի, բայց, տեսնելով, որ 3 շաբաթ նախապատրաստվելով լավ մենամարտ անցկացրի, առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի թայլանդացի բավականին ուժեղ բռնցքամարտիկին, կարծես` հետ են կանգնել: Նայելով այդ մենամարտի տեսագրությունը` նրանք մինչև հիմա մտածում են: Բայց իրենք են ինձ առաջարկել ու վերադարձրել մեծ ռինգ»,- պատմեց բռնցքամարտիկը:
Ամբողջությամբ՝ armsport.am