Նիկոտին չպարունակող էլեկտրոնային ծխախոտը նույնպես բարձրացնում է դեռահասների մոտ քաղցկեղի առաջացման վտանգը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Նիկոտին չպարունակող էլեկտրոնային ծխախոտը նույնպես բարձրացնում է դեռահասների մոտ քաղցկեղի առաջացման վտանգը․ հետազոտություն

Ծխելը բարձրացնում է դեռահասների մոտ քաղցկեղի զարգացման վտանգը, նույնիսկ եթե նրանք ծխում են էլեկտրոնային ծխախոտ, որը նիկոտին չի պարունակում։ Նման եզրակացության են հանգել University of California San Francisco համալսարանի գիտնականները՝ մինչև 18 տարեկան 67 դեռահասների մեզի ու թքի անալիզները վերլուծելուց հետո:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Pediatrics ամսագրում, ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտ ծխելիս դեռահասի օրգանիզմը ենթարկվում է մի շարք քաղցկեղածին քիմիական նյութերի ազդեցության, որոնք պարունակվում են նաև սովորական ծխախոտի մեջ։

Վեյփինգի սարքն այսօր ներկայացվում է որպես ծխախոտների առավել անվտանգ այլընտրանք, ու դեռահասները այն եռակի հաճախ են գործածում, քան մեծահասակները։ Սակայն այս սարքերն  ամենևին էլ անվտանգ չեն ու կարող են քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ, հավաստիացնում է հետազոտության հեղինակ, մանկաբույժ Մարք Ռուբինշթեյնը։

«Դեռահասներին պետք է նախազգուշացնել այն մասին, որ գոլորշին, որն առաջանում է էլեկտրոնային ծխախոտը ծխելիս, ամենևին էլ ջրից գոյացող անվտանգ գոլորշի չէ, այն պարունակում է սովորական ծխախոտներին բնորոշ թունավոր նյութերի մի մասը»,- նշում է մասնագետը։ «Դեռահասները պետք է օդ շնչեն, այլ ոչ թե թույներ պարունակող ծուխ»։

Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են դեռահասների թուքն ու մեզը, նրանց նախապես բաժանելով երեք խմբի՝ 67-ը էլեկտրոնային ծխախոտ են ծխել, 17-ը՝ ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ սովորական, ևս 20 դեռահաս առհասարակ չէր ծխում ու հսկիչ խմբի մեջ էր։

Այն դեռահասները, որոնք էլեկտրոնային ծխախոտ էին ծխում, թունավոր նյութերի եռակի բարձր մակարդակ ունեին օրգանիզմում, քան հսկիչ խմբի պատանիները։ Նրանք, ովքեր ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ սովորական ծխախոտ էին ծխում, թունավոր նյութերի 6 անգամ բարձր մակարդակ ունեին, քան չծխողները։ Ավելին՝ վտանգավոր քիմիկատներ են հայտնաբերվել նաև այն դեռահասների անալիզներում, որոնք նիկոտին չպարունակող հոտավետ էլեկտրոնային ծխախոտ էին ծխում։

med.news.am