Գավառ քաղաքի աղբանոցում մարտի 7-ին հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու և անհետ կորել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: