Լրագրող և քաղաքական գործիչ Քսենյա Սոբչակը գլխավորել է ԶԼՄ-ներում անձանց ժողովրդականության «Կանայք իշխանության մեջ: Ռուսաստան» վարկանիշը: 2017 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակաշրջանում նրան տարբեր զանգվածային լրատվամիջոցներում հիշատակել են 104 հազար անգամ:
Այդ են վկայում «Սքան-Ինտերֆաքս» մեդիավերլուծության համակարգի տվյալները: Վարկանիշի երկրորդ տեղն այս տարի զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, նա հիշատակվել է ավելի քան 81 հազար անգամ:
Քաղաքականության մեջ ամենից շատ հիշատակվող ռուսաստանցի կանանց եռյակը եզրափակում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա հիշատակումների թիվն անցնում է 80 հազարից:
Համաշխարհային քաղաքական գործիչներից ամենից շատ հիշատակվող կինը ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնն է՝ ռուսական տարբեր ԶԼՄ-ների նյութերում ավելի քան 66 հազար հիշատակումով: Երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է՝ ավելի քան 60 հազար, երրորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ավելի քան 34 հազար հիշատակումով: