Սամվել Կարապետյանին պատկանոր «Տաշիր» ընկերությունների խումբը տարվա ընթացքում մոտ 500 մլն ռուբլի (8.8 մլն դոլար) կներդնի SaveTime համակարգում, որը ապահովում է տարբեր խանութներից ապրանքների պատվիրման և առաքման ծառայություն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է «Տաշիրի» ներկայացուցիչ և նախագծի ղեկավար Դմիտրի Դորոշենկոն։
Գումարը կծախսվի տեխնոլոգիական գործընթացի զարգացման և օպտիմիզացիայի, ինչպես նաև՝ գովազդի ու մարքեթինգի վրա։ Գործարքի պայմանները առայժմ չեն հրապարակվում։
SaveTime-ի միջոցով հնարավոր է ապրանքներ պատվիրել «Перекрёсток», «Вкусвилл», «Детский мир», «Республика», «Рив гош» խանութներից և «36,6» դեղատների ցանցից։ Առաքման սակագինը ֆիքսված է՝ 199 ռուբլի (մոտ 1700 դրամ)։ Ծառայությունն առայժմ աշխատում է միայն Մոսկվայում, սակայն «Տաշիրը» մտադիր է դուրս գալ նաև այլ քաղաքներ և ընդլայնել գործընկեր խանութների ցանկը։
Դորոշենկոյի խոսքով, առաքումը տևում է 1 ժամից ոչ ավելի, և դրա համար պատասխանատու է Gett Delivery-ի, որին SaveTime-ը վճարում է՝ ըստ մեքենաների և կիլոմետրերի։ Այժմ SaveTime-ը ուսումնասիրում է շուկան նաև նոր գործընկերներ գտնելու տեսանկյունից, սակայն, ինչպես նշել է Դորոշենկոն, երկարաժամկետ հեռանկարում ամենաարդյունավետը Gett-ի հետ համագործակցությունն է։
SaveTime-ի ղեկավարը նաև հավելել է, որ մեծ չափսերով կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաքման համար կարող է անհրաժեշտ լինի ստեղծել նաև սեփական տեղափոխման ծառայությունը։