
Ամերիկյան հեղինակավոր պորտալը կազմել է ապրելու համար աշխարհի ամենամատչելի երկրների վարկանշային ցուցակը։ Դրանում Հայաստանը հետ է ընկել Վրաստանից և Թուրքիայից, սակայն առաջ է անցել Ադրբեջանից։
Հայաստանը ֆինանսախորհրդատվական GOBankingRates պորտալի վարկածով ներառվել է աշխարհի ամենաէժան 50 երկրների ցուցակում։
Վարկանշային ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականն` առաջ անցնելով Ադրբեջանից։ Իսկ հարևան Վրաստանը 16-րդ տեղում է, Իրանը` 23-րդ, Թուրքիան` 26-րդ։
«Միջնադարյան վանքերի ֆոնին հիանալի բնապատկերները միակ պատճառը չեն, ինչի համար ամբողջ կյանքը Հայաստանում անցկացնելը գրավիչ գաղափար է թվում»,- գրված է պորտալում։
Ցուցակի հեղինակների խոսքով` Հայաստանն ապրելու համար ամենաէժան երկրներից մեկն է, այնտեղ բնակարանի վարձակալությունը 91%-ով մատչելի է, քան Նյու Յորքում։
Ցուցակի տվյալներով` ապրուստի համար ամենաէժան երկիրը Հնդկաստանն է։ Հնդկաստանին հաջորդում է Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թունիսը, Զամբիան, Ուկրաինան, Մեքսիկան, Եգիպտոսը, Բանգլադեշը և Մակեդոնիան։ Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցրել է Հունգարիան։