Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
«Հայ ֆուտբոլիստը ամիսը սկսեց հրաշալի մարզավիճակում` «Էվերթոն»-ի հետ խաղում կատարելով երեք գոլային փոխանցում: Նա ևս երկու գոլային փոխանցում կատարեց Եվրոպայի լիգայում «Էսթերսունդ»-ի դեմ խաղում` նպաստելով 0-3 հաշվով հաղթանակին: Փաստացի Մխիթարյանը փետրվարի ամսվա ընթացքում գոլային փոխանցում է կատարել յուրաքանչյուր 65.8 րոպեն մեկ անգամ:
Մխիթարյանը փետրվար ամսվա «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում շրջանցել է Նաչո Մոնրեալին և Աարոն Ռեմսիին, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: