Կրնկի տակ. Դոնալդ Թրամփի գլխավոր կանայք
Advertisement 1000 x 90

Կրնկի տակ. Դոնալդ Թրամփի գլխավոր կանայք

Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփին հաճախ հանդիմանում են սեքսիզմի դրսևորման մեջ, սակայն չի կարելի հերքել այն փաստը, որ նրա շրջապատում կանայք միշտ քիչ չեն: Ավելին, հենց կանայք են ԱՄՆ նախագահին առավել հավատարիմ կողմնակիցները Սպիտակ տանը, թեկուզ որպես օրինակ նշենք նրա դստերը՝ Իվանկային կամ ամերիկյան առաջնորդի գլխավոր «պաշտպան» ու խորհրդական Քելլիէնն Քոուեյին:

Ըստ gazeta.ru-ի, Դոնալդ Թրամփը լայնորեն հայտնի է իր հայացքներով, որոնք շատերը կարող են համարել սեքսիստական: Ամերիկացի նախագահը երբեք արտահայտություններ անելիս չի կաշկանդվում և հաճախ հայտնվում է իրավիճակներում, երբ նրանից նեղանում են նրա ընդդիմախոս կանայք:

Telegraph բրիտանական պարբերականը կազմել է որակումների մի ամբողջ պատկերասրահ, որոնք Թրամփն օգտագործել է կանանց հանդեպ՝ «ճարպոտ», «խոզ», «շուն», «զզվելի կենդանի», սրանք ԱՄՆ ղեկավարի արտահայտությունների քիչ մասն են:

Եվ այնուամենայնիվ, իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում Թրամփը շրջապատում է իրեն հենց կանանցով, որոնք շատ դեպքերում Սպիտակ տանը նախագահի գրեթե գլխավոր հենարանն են:

«Թեև Թրամփը իր շատ դրսևորումներում դասական սեքսիստ է, աշխատավայրում նա կանանց իրեն շատ ավելի մոտ է պահում, քան տղամարդկանց»,- գրում է Մայքլ Վոլֆն իր «Fire and Fury»՝ Թրամփի նախագահության առաջին տարվա մասին գրքում:

Ըստ գրողի, դա պատահականություն չէ և պարզ ձգտում չէ ինչ-ինչ հավասարակշռության, Թրամփը զգում է, որ կանայք «իրեն ավելի լավ են հասկանում»: Ավելի ճիշտ, կանանց որոշակի տիպը, որը հաճելի է Թրամփին՝ դրականորեն տրամադրված, մարտական, լոյալ կանայք, ովքեր դրա հետ մեկտեղ նաև հրաշալի տեսք ունեն, ճշտում է Վոլֆը:

Իր հավատարիմ կողմնակից կանանցից մեկին ամերիկյան առաջնորդը ստիպված էր հրաժեշտ տալ բոլորովին վերջերս: Մարտի 1-ին նախագահի Ռազմավարական հաղորդակցությունների հարցերով տնօրեն, 29-ամյա Հոուփ Հիքսը հեռացավ իր պաշտոնից: Հավանաբար, Հիքսի հեռանալու պատճառն ինչ-որ կերպ կապված է ցուցմունքների հետ, որոնք նա տվել էր ամերիկյան ընտրություններին ռուսաստանյան հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննության շրջանակում ԱՄՆ կոնգրեսի հետախուզության հարցերով կոմիտեին: Թեև Սպիտակ տան ներկայացուցիչներն այդ վարկածը հերքում են:

Փետրվարի 27-ին Կոնգրեսում լսումների ժամանակ նախագահի հաղորդակցությունների հարցերով տնօրենը խոստովանել էր, որ ստել է աշխատանքային հարցերով, որպեսզի չվնասի Դոնալդ Թրամփի հեղինակությանը, ով հաճախ հակված է չափազանցությունների:

Ե՛վ ԶԼՄ-ները, և՛ Սպիտակ տան աշխատակիցներն, ովքեր աշխատել են Հիքսի հետ, պնդում են, որ Թրամփի ու նրա միջև մտերիմ հարաբերություններ են եղել, ամերիկյան թերթերն անգամ նրան անվանում էին նախագահի «թարգմանիչ»՝ ակնարկելով, որ միլիարդատերը հաճախ հակասական ու անհասկանալի է արտահայտվում: Հիքսը, սակայն, գերազանց հասկանում էր նախագահի մտքերի ընթացքը և կարողանում էր ճիշտ հասցնել նրա խոսքերը մամուլին: Արդյունքում նա Թրամփի համար դարձել էր գրեթե ամենամտերիմ ու հուսալի մարդը Սպիտակ տանը, բնականաբար Իվանկա Թրամփից հետո:

Ամենավառ ու քննարկվող կինը ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատից նրա սեփական դուստրն է՝ Իվանկան, ով, ինչպես և նրա ամուսին Ջարեդ Քուշները, նշանակվել էր որպես Թրամփի խորհրդական: Իվանկայի մասին հաճախ ասում են, որ նա է և ոչ թե Մելանյան, Միացյալ Նահանգների առաջին լեդին:

Այն հարցում, որ Իվանկան ազդեցություն ունի հոր վրա, դժվար է կասկածել՝ Քուշներ-Թրամփ զույգը Սպիտակ տանը գլխավոր դերակատարներից էին 45-րդ նախագահի երդմնակալությունից ի վեր: Վերջերս, սակայն, նրանց ազդեցությունն անշեղորեն նվազում է, ինչի մասին վկայում է թեկուզ այն, որ վերջերս Ջարեդ Քուշները զրկվել է պետական գաղտնիքի հասանելիությունից:
Հենց Իվանկային են վերագրում Թրամփի որոշումը հրթիռային հարված հասցնել սիրիական ավիաբազային՝ ի պատասխան Իդլիբում քիմիական հարձակման, որն իբրև թե իրականավել է 2017թ. ապրիլին Ասադի հսկողության տակ գտնվող զորքերի կողմից:

Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ հեկեկացող Իվանկան ցույց է տվել հորը սրտաճմլիկ կադրեր թունավոր գազից մահացող երեխաներով ու պնդել հատուցման հարված հասցնել: Ճիշտ է, ավելի ուշ ինքը՝ Իվանկան, փորձել է հերքել այդ լուրերը:

Թրամփի շրջապատի կանանց մասին խոսելիս անհնար է անտեսել նրա կին Մելանյային: 2016թ. ընտրություններում միլիարդատիրոջ հաղթանակից հետո շատերը թերահավատությամբ էին վերաբերվում նախկին ֆոտոմոդելի՝ երկրի առաջին լեդիի դերում հայտնվելու հեռանկարին:

Եվ թեև Մելանյան, ի տարբերություն նրա դստեր Իվանկայի, հեռու է զուտ քաղաքական գործերից, Թրամփի նախագահությունից մեկ տարի անց չի կարելի չխոստովանել, որ նա առաջին լեդիի դերը փայլուն է կատարում: Բացի այդ, Թրամփի կինն որոշակիորեն ունի ներքին առանցք՝ Մելանյան բացարձակապես չի վախենում անտեսել կանոննորը, երբ նա դա ցանկանում է:

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ների շնորհիվ բացահայտվել է 2006թ. Թրամփի կապը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ, (իսկ այն ժամանակ միլիարդատերն արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ), նախագահի կինը չի քաշվել նրան ցույց տալ իր զայրույթը:

Մամուլի սկանդալային հայտարարություններն ընդունելով լռությամբ, առաջին տիկինը իրեն դրսևորել է հենց մոտակա պաշտոնական արարողությանը: Մելանյան ամուսնու հետ չի մեկնել Դավոս՝ միջազգային տնտեսական ֆորումին, նախագահն այնտեղ մեկնել է միայն Հոուփ Հիքսի ուղեկցությամբ:

Թրամփի հասցեին ևս մեկ խայթոց ու ոչ ֆորմալ կանոնների խախտում է դարձել Թվիթերում Մելանյայի գրառումը՝ նվիրված ամուսնու երդմնակալությունից ի վեր անցած մեկ տարվան: Տեքստում Թրամփի մասին ոչ մի բառ չի եղել, իսկ տեքստին կցված լուսանկարում Մելանյան եղել է ոչ թե ամուսնու հետ, ինչը տրամաբանական կլիներ, այլ երդմնակալությանն ուղեկցած զինվորականի ընկերակցությամբ: